Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե ես սիրեի՜։ Ինչ լավ կլիներ, չէ՞, Մարթա։ Մի տեսակ քարացել է հոգիս։ Սառել է։

Անկամ ու հոգնած։

Գարունն այստեղ աշնան պես է։

Անձրև ու անձրև։

Տխրություն։

Մենակություն։ Մշտապես։

Մենք բոլորս այդպես ենք։ Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք։

Սիրուց լավ բան չկա։

Իսկ ո՜վ կձայնի մեզ, մեռածներիս՝ «ելեք»։ Ո՜վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական՝ «սիրեցե՜ք և դուք կհաղթեք մահվան»։

Անձրև է։ Ցեխ։ Գիշեր։ Միայնություն։ «Հեռվություն»։ Ինչ սարսափելի հեռվություն։ Մարդ կարողանար սպանել այս միայնությունը։ Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, Մարթա։ Հանդիպում ես, ծանոթանում ես, բաժանվում։ Հավիտենական շրջապտույտ։ Եվ հոգումդ վերստին ամայություն է ու միայնություն։ Եվ թախիծ։ Հոգնածություն, մահացու հոգնածություն։ Ինձ թվում է, թե ես մեռնում եմ։ Ուղում եմ, որ երբ մեռնեմ, և շուրջս մահվան լռությունը տիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկն բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անլինելի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին։ Որ շուրջս ծաղկեն փաղաքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի։

Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը։ Հավերժորե՜ն, հավերժորե՜ն։

Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից։ Այս սարսափելի հոգնածությունից։ Այս տաղտուկից։ Ես շա՜տ-շա՜տ տխրեցի, երբ կարդացի հեռավոր, բայց կարծես վաղուց֊վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ, մի Ժամանակ հարազատ Մարթայի նամակը...

Ներեցեք այսպիսի նամակի համար։ Ուրիշ տեսակ այսօր չէի կարողանա գրել։ Վահան Տերյան