գալու, ինչպես այժմ ասում են, «անշնորհակալ» պարտականությունը։ Որքան և ազնիվ ու մաքուր դրդապատճառներ լինեն ձեզ ստիպողը, որքան և սկզբունքի խնդիրները լինեն ձեզ ղեկավարողը՝ քանի որ դուք հանուն այդ սկզբունքի դուրս եք գալիս որևէ անձի դեմ, դուք ենթարկված եք ամեն տեսակ անակնկալ վիրավորանքի և անվանարկության, որովհետև այն անձը, որի դեմ դուք համարձակվել եք դուրս գալու, ունի իր փոքրիկ սնափառությունն ու ինքնասիրությունը, որ նա ամեն սկզբունքից ու գաղափարից բարձր է դասում։ Եվ բավական է, որ դուք դուրս գաք այս կամ այն անձի դեմ (սոսկ իբր այս կամ այն գաղափարի քարոզչի դեմ, ոչ ավել, հեռու լինելով միանգամայն նեղ անձնական նկատումներից) և դուք արդեն թշնամի եք, և ձեզ տապալելու, ձեզ վարկաբեկելու համար ամեն միջոց ու ձև թույլատրելի է համարվում»։
«...Ինձ ղեկավարողը,— շարունակում է Տերյանը,— լոկ սկզբունքն է.․․ և արդարամիտ լինելու ցանկությունը»։
Հավասարարժեք չեն Տերյանի զեկուցումներն ու հոդվածները, դրանց մի մասը նույնիսկ հնացել է և դարձել գիտական հրատարակության Ժամանակ մտահոգող հարց (օրինակ, «Ռուսաստան և Կովկաս» հոդվածը, որ ուղղակի ինֆորմացիա է՝ տարբեր զեկուցումներից բերված երկար մեջբերումներով, կամ «Петрос ди Саргис Гиланенц գրախոսականը)։ Սակայն մեր համար այդ զեկուցումներն ու հոդվածները այսօր էլ շատ ուսանելի մտքեր ունեն իրենց մեջ և արժեքավոր են Տերյանի ամբողջական կերպարի բնութագրման համար։
Տերյանի հոդվածների և զեկուցումների մի մասը տակավին մնում է անհայտության մեջ։ Այսպես, օրինակ, 1908 թ. ապրիլի գրած մի նամակից պարզվում է, որ նա հոդված է գրել Լ. Անդրեևի մասին և հանձնել «Тифлисский листок» թերթին Մինչև այժմ չեն գտնվել այդ հոդվածի, Հովհ. Հովհաննիսյանի լեզվի ու ոճի, ինչպեսև «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին» կարդացած զեկուցումների ինքնագրերը։
Այս հրատարակության համար բոլոր տեքստերը ձեռագրերի ու տարբեր հրատարակությունների մանրակրկիտ համեմատությամբ ճշգրտված են։ Նյութերի դասավորության ընթացքում պահպանել ենք հրատարակությունների ժամանակագրական կարգը։ Մասնակի խախտումները պայմանավորված են նյութի թելադրանքով (օրինակ՝ իրար մոտ ենք բերել «Արջի ծառայություն»֊ը և դրա դեմ ուղղված Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի բաց նամակի մասին Տերյանի «Պատասխան Ավետիք Ահարոնյանի ուսանողական բյուրոյին» հոդվածը)։ «Հոդվածներ և զեկուցումներ» բաժին ենք մուծել «Պատասխան Ավետիք Ահարոնյանի «Բաց նամակ»-ին հոդվածը (նախորդ հրատարակության մեջ գրել էինք «Նամակներ և հեռագրեր» բաժնում), նկատի ունենալով, որ այն իսկապես ոչ թե Ահարոնյանին ուղղված նամակ է, այլ նրա «Բաց նամակ»-ի դեմ գրված հոդված։
1. Մոսկվա, դեկաների 12-ին (էջ 7)
Աոաջին անգամ տպագրվել է «Անկախ մամուլ», 1907, № 16 (19 դեկտեմբերի)։