Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. «Անունը կա, ամանումը չկա» (էջ 24) (Թռուցիկ նկատողություններ)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1911, № 16, 17 (25, 26 հունվարի)։

Հոդվածում արտահայտած կարծիքները վաղանցուկ տրամադրությունների արտահայտություն չեն։ Նույն տարվա հուլիսին Ա. Տիգրանյանին գրած նամակում հիշելով իր հոդվածը, ուր դատապարտել է հրատարակչական ընկերության «վարիչներին», Տերյանն ավելացնում է. «Եվ այժմ էլ եմ դատապարտում, իհարկե, քանի որ նոքա համաշխարհային գրականության մեջ բան չեն գտել՝ վերցրել «Բեն հուր»-ն են Հրատարակել»։ Լ. Ուոլլեսի վեպը տպագրվել է 1911-ին, Թիֆլիսում, Փ. Վարդանյանի թարգմանությամբ։

1. Հրատարակչական ընկերության և Թումանյանի միջև համաձայնություն չի կայացել, սակայն «Ընձևնավոր»-ը թարգմանելու միտքը Թումանյանը փայփայել է երկար տարիներ. «Մտքումս կա եթե ոչ բոլորը, գոնե մի քանի հատված թարգմանելու»— ասել է նա 1919-ին (ավելի մանրամասն տե՛ս այս հրատարակության 2-րդ հատոր, էջ 379)։

2. Ն. Վ. Գերբել (1827—1883)— բանաստեղծ, թարգմանիչ և մատենագետ։

7. Ալեքսանդր Ծատուրյան (էջ 32)

Առաջին կեսի (կենսագրության) համառոտ շարադրանքը, «Ալեքսանդր Ծատուրյան» վերնագրով և «Կենսագրական նոթեր» ենթավերնագրով, առաջին անգամ տպագրվել է «Հուշարար», 1912, գիրք Ա։ Այդ նույնի (կենսագրության) լրիվ տեքստը առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1937, № 1)։ «Ալեքսանդր Ծատուրյան» զեկուցման լրիվ տեքստը առաջին անգամ տպագրվել է Տերյանի «Երկեր»-ի 1956 թ. հրատարակության մեջ (էջ 462—479)։

Ծատուրյանը և Տերյանը եղել են մոտիկ հարաբերությունների մեջ, միմյանց նամակներ են գրել, խորհուրդներ տվել։ Այդ մտերմության արտահայտություններից են Ծատուրյանի՝ Տերյանին ու կնոջը նվիրած «Սիրավեպ» (Շուշանին և Վահանին)» բանաստեղծությունը (ավելի մանրամասն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 360—361) ։ Հասկանալի է, որ Տերյանը Սիրով հանձն է առել Ծատուրյանի մասին ռեֆերատ կարդալ նրա գրական գործունեության 25 ամյակի օրերին։ 1910 թ. ապրիլին Ց. Խանզադյանին գրած մի նամակում Տերյանը հայտնում է. «Ծատուրյանի հոբելյանը լինելու է մայիսի 2-ին։ Այս ամսի 30-ին ուսանողական երեկո է լինելու Ծատուրյանին նվիրված—կարդալու եմ ես։ Փող են հավաքում — մի 5 — 6 հազար կհավաքվի»։ Պ. Մակինցյանը այդ երեկույթի մասին հաղորդում է. «...Մոսկվայում գոյություն ուներ Հայկական ակումբ, որի դահլիճում Հայ Ուսանողական Հայրենակցությունը պարբերական գրական ասուլիսներ ու երեկույթներ էր կազմակերպում։ Չորրորդ գրական զրույցը, որ տեղի ունեցավ ապրիլի 30-ին, նվիրված էր Ալ. Ծատուրյանին և ահա այդ երեկո ընկ. Տերյանը կարդաց իր ռեֆերատը» («Չորսհատորյակ», 4-րդ հատոր, էջ 357)։