աստիճանի համակրելի անձնավորություն, մեկը մեր այն իդեալիստ ինտելիգենտներից, որոնք աշակերտել էին մեր վերածնության գործիչներին և տոգորված էին ժողովրդասիրական և հայրենասիրական մի մաքուր և ջերմ զգացմունքով։ Ահա այդ Արշակ Ագապյանըն է եղել առաջինը, որ սեր է արթնացրել վրացախոս Ծատուրյանի հոգու մեջ, սեր դեպի հայ լեզուն և գրականությունը։ Նա է ծանոթացրել մեր պոետին մեր գրականության վերածնության շրջանի լավագույն օրինակներին։ Վերջապես նույն այդ պարոնի խորհրդով և օգնությամբ ծխական դպրոցը ավարտելով, Ծատուրյանը մտել է տեղական քաղաքային եռադասյան դպրոցը իր ուսումը շարունակելու։
Կյանքի պայմանները չփոխվեցին այդ շրջանում, նույն չարքաշ կյանքն էր զրկանքներով ու տանջանքով լիքը։ Կարծում եմ բավական է հիշատակել, որ այդ տարիներում մի քանի անգամ դպրոցի վարչությունը ստիպել է Ծատուրյանին դպրոց չհաճախել, որովհետև նա ոտաբոբիկ էր գալիս դպրոց և մի անգամ նրա համար, որ նա չի կարողացել ոչ մի կերպ ճարել չգիտեմ 20 թե 30 կոպեկ, որ վճարե իրեն դպրոցից տված գծագրության տետրի գինը։ Մի՞թե այս երկու գիծը բավական չէ բնորոշելու Ծատուրյանի և նրա մոր կացությունն այդ շրջանում։
1881 թվականին՝ քաղաքային դպրոցը ավարտելուց հինգ ամիս առաջ, վախճանվեց Ծատուրյանի մայրը, նրա կյանքի և հոգու պահապան հրեշտակը, և թողեց իր պատանի որդուն որբ ու անտուն։ Մի սրտաճմլիկ պատմություն է սա։ Հողին հանձնել միակ մարդուն, որ պահպանում է քեզ իր մաքուր և քնքուշ սիրով, սուրբ անձնուրացությունով շրջապատի, խավար ու բիրտ շրջապատի աղտոտ իրականությունից, հողին հանձնել անմխիթար տանջանքների միակ սփոփողին։ Ծատուրյանը մնաց մեն-մենակ աշխարհում, շրջապատված կոպիտ ու վայրենի մարդկանցով։ Մեկը միայն, որ փայփայեց ու օգնեց նրան, դարձյալ Արշակ Ադապյանն էր, հայ վարժապետը, կիսաքաղցած ու թափառական հայ սեմինարիստ ինտելիգենտը։ Նրա մոտ պատսպարվեց ու հյուրընկալվեց Ծատուրյանը մի առժամանակ, բայց շուտով ստիպվեց իրանից և Ագապյանից անկախ պատճառներով հեռանալ իր ուսուցչի տնից ու բնակություն հաստատել մի հայ խանութպանի մթերանոցում, ուր քնում էր սառը հողե հատակի վրա և այս ու այն