Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր գրական լեզուն ընտրած մի միջին ճանապարհ գրաբարի և ժողովրդական բարբառների միջև։

Ծատուրյանի գաղափարները եղել են իր ժամանակի առաջավոր ինտելիգենցիայի գաղափարները, նա իր ժամանակի լավագույնների հետ է ապրել, նոցա իդեալներով ներշնչվել ու երգել։ Ծատուրյանը մտցրել է մեր բանաստեղծական գրականության մեջ այնպիսի նուրբ, երաժշտական և գեղեցիկ էջեր, որոնք երբեք չեն մեռնի:

Ծատուրյանը վերջապես առաջինն է եղել հայ բանաստեղծների մեջ, որ երկու ամփոփ հատորով հաղորդակից է արել հայ ընթերցողին ռուսական լավագույն բանաստեղծների ամենաընտիր երկերին։

Դուք լսեցիք նրա կյանքի պատմությունը։ Ձեր առջև ներկայացավ մի անուրախ կյանք մշտական զրկանքների ու տանջանքի, մի մռայլ և անբարեհամբույր պատկեր, որ կարող էր նյութ տալ պոետին գրելու մի տխուր ու գեղեցիկ, մի սրսրաշարժ պոեմ՝ չքավորության երգը վերնագրով։

Ահա մի անձնավորություն, որ անօրինակ դժբախտությունների երկար ճանապարհ է անցել, մի հերոսական ուղի, մի անձնավորություն, որի կյանքը և գործը ոչ միայն ուսումնասիրության են արժանի, այլև օրինակելի են ու դաստիարակիչ իրենց ազնիվ ու մաքուր կերպարանքով։ Վաղը չէ մյուս օրը հայ հասարակությունը տոնում է մեր բանաստեղծի 25-ամյա հոբելյանը, միացնենք մեր բոլորի ջերմ սերը և երախտագետ սրտով ողջունենք մեր դժբախտ իրականության ջերմեռանդ մշակին, ազնիվ աշխատավորին: Ծատուրյանը համարձակ կարող է ասել, որ իր բոլոր առաքինությունների համար միայն իրան է պարտական, իսկ թերությունները հետևանք են հասարակական և անձնական կյանքի աննպաստ պայմաններին։ Սակայն կար մի ընդհանուր իդեալ, որ գերիշխողն է եղել մեր մտավորականների աշխարհայացքում մինչև վերջին ժամանակները — դա ազատ հայրենիքի և ազգային անկախության գաղափարներն են։ Այդ գաղափարները փոփոխել են իրենց կերպարանքը, սակայն էությամբ նոքա միշտ մնացել են նույնը։ Ազգային ռոմանտիզմը կլանել է մեր գրականության լավագույն ուժերը, ազգային իդեան խեղդել է բոլոր ուրիշ գաղափարները, մեր բովանդակ նոր գրականությունը միևնույն գաղափարների և