Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի գրականության ասպարեզում, կա և կյանքում։ Այդ պայքարը շատ անգամ որոշակի չի գծագրվում, երբեմն շատ սուր կերպով է արտահայտվում, սակայն նա կա, և անխուսափելի է նրա զարգացումն ու աճումը։ Անտարակույս փաստ է, որ առաջ է եկել վերը հիշածս նոր ինտելիգենցիան։ Այդ ինտելիգենցիայի հասկացողությունները (որքան և տարբեր շերտավորումներ լինեն նրա զանազան հատվածներում) բոլորվին նման չեն մեր հին սերնդին պատկանող ինտելիգենցիայի ըմբռնումներին, և այդ է պատճառը, որ այնպիսի համառությամբ չեն կարողանում միմյանց ըմբռնել այդ երկու սերունդները, որ այդպիսի հիվանդոտ թափով են հարձակվում իրար վրա, որ այնքան երբեմն տարօրինակ ձև. է ընդունում նրանց պայքարը։

Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Շահազիզ, Պռոշյան, նույնիսկ Րաֆֆի, Աղայան, նույնիսկ ուրիշները, նույնիսկ նոքա, որ դեռ կենդանի են, որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ — և միևնույն ժամանակ, զարմանալի չէ՞, որքա՜ն, որքա՜ն հեռավոր, արդեն գրեթե անհասկանալի, արդեն գրեթե սիմբոլ դարձած, գրեթե չեղած, կենդանի կյանքով չապրած մարդկանց անուններ են նոքա ինձ համար և այն սերնդի համար, որին պատկանում եմ ես։

Արդյոք ինչո՞վ պետք է բացատրել այս տարօրինակ հոգեբանական երևույթը, ինչո՞վ բացատրել, որ երկու տասնյակ տարին մի այսպիսի անանցանելի պատի պես կանգնել են մեր և մեր մերձավոր նախորդների միջև։ Արդյոք նրանի՞ց է դա, որ մենք այս կարճ ժամանակամիջոցում հսկայական քայլերով ենք առաջ ընթացել, և մոտիկ անցյալը հեռու է թվում մեզ, թե՞ գուցե նրանից, որ մենք անառակ որդիների նման վատնել ենք մեր հայրերի հարուստ ժառանգությունը և ետ նայելու վստահություն չունենք և ճանապարհ չունենք ետ դառնալու։ Արդյոք պետք է ուրախանա՞նք մենք, թե տխրենք։

Ինձ թվում է, որ առանձին ուրախության հիմք չունենք մենք դեռևս, որովհետև, ինչպես ասացի, այդ անցյալ» կոչվածի խոշոր բեկորները դեռ տեղ են բռնում մեր կյանքում և եթե ոչ կապում նոր հոսանքի ճանապարհը, համենայնդեպս այնքան էլ արագ տեղի չեն տալիս նրա առաջ։ Սակայն և տխրելու առիթներ չկան նրանց համար, ով հավատում է, ով գիտե, որ դեռ չբարձրացած