Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ինչի՞ վրա է հիմնում իր ակնակալությունները մեր ազգային հորջորջվող ինտելիգենցիան — հիրավի ի՞նչ կուլտուրական նպատակների է ձգտում նա, ի՞նչ ճանապարհով և ո՞ւմ միջոցով է կամենում իրականացնել իր բաղձանքը։

Ամենից առաջ, իհարկե, դպրոցն է, որ մտավոր-հոգեկան կուլտուրայի ստեղծման ամենախոշոր մի գործոն է հանդիսանում։ Իսկ ի՞նչ է ներկայացնում մեր դպրոցը։ Մի կողմ թողնելով տարրական դպրոցները, որոնք որոշ չափով կարող են ընդունելի համարվել միայն, իհարկե, երբ աչքի առաջ ունենանք պետական տարրական դպրոցի ողորմելի վիճակը մեզանում, այնտեղ տիրող կարգերը և պայմանները։ Ծխական տարրական դպրոցը ներկա պայմաններում, թեպետ և որոշ, բավական լուրջ վերապահություններով կարող էր գուցե ընդունելի համարվել։ Սակայն վերը հիշածս վերապահությունը այնքան կարևոր է, որ դժվար է որոշել, թե մեր տարրական դպրոցի տված օգուտն է ավելի մեծ, թե՞ վնասը։ Իմ վերապահությունը վերաբերում է այն խոշոր դերին, որ կղերականությունն ունի մեր ժողովրդական-տարրական դպրոցների գործում։ Ես գիտեմ, որ իմ ունկնդիրներից շատերի, գուցե և մեծամասնության, համար տարօրինակ կթվա այս կարծիքս, սակայն ես այնուամենայնիվ պիտի պնդեմ, որ քանի կղերեը դեր ունի ժողովրդական դպրոցում, միշտ պետք է կասկածով և երկյուղով վերաբերվեմ դեպի այդ դպրոցը։ Ես գիտեմ, այո, այն մուրացիկ ցնցոտիների նման հին ու փտած առարկությունները, որ արվում են այդպիսի դեպքերում։ Այդ առարկությունների ընդհանուր իմաստը այն է, որ մեր կղերը նման չէ ուրիշ կղերին, կամ որ մեր կղերի դերը շատ չնչին է դպրոցական գործում, որ մեր եկեղեցին ժողովրդապետական է, նրա պետը ազգընտիր և այլն, և այլն... Ասում եմ այդ բոլոր առարկությունները չափազանց միամիտ են և հին։ Հայ կղերի դերը մեր պատմության մեջ եղել է շատ խոշոր և շատ կորստաբեր, ավերիչ ըստ ամենայնի։ Սեմինարիստական-տիրացոլական մտածողությունն է ստեղծել այդ աբսուրդային կարծիքը մեր կղերի վերաբերմամբ, և ինքը կղերը, որ մինչև այժմ հովանավորում ու սնում է այդ սեմինարիզմը, ամեն ջանք գործ է դրել, որ այդ սխալը, որպեսզի ավելին չասեմ, գաղափարը հաստատվի ժողովրդի մեջ։ Պատմության մեջ չափազանց մեծ դեր է վերագրվում մեր կղերին, իբր ազգի լուսավորության և հոգեկան