Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթվում է մեր կղերի սրտին մոտիկ մեթոդով և ուղղությամբ։

Այնտեղ է, որ սնվում է, մշակվում այն մտածելակերպը, մարդկային աշխարհահայեցողության այն, եթե կարելի է այդպես անվանել, սիստեմը, որին «սեմինարիզմ» են ասում։ Այս տերմինը, չգիտեմ ինչու, թյուրիմացությունների տեղիք էր տվել, երբ մի հայ ինտելիգենտ գործածել էր իր դասախոսության մեջ։ Մինչդեռ սա մի շատ սովորական տերմին է, որ գործածում են և ռուսները, և այնտեղ նա շատ հասկանալի է ու ոչ ոքի մեջ տարակույս չի ծնում։ Անշուշտ սեմինարիզմը չպետք է կապել անպատճառ սեմինարիայի հետ։ Սեմինարիստ կարող է լինել և գիմնազիստը — իր մտածողությամբ։ Սակայն տարակույս չկա միևնույն ժամանակ, որ սեմինարիզմի և սեմինարիստական ինտելիգենցիայի փարթամ ծաղկումը մեզանում կապված է մեր սեմինարիաների հետ։ Ահա այդ սեմինարիզմով տոգորված ինտելիգենցիան, կամ, ավելի ճիշտ, կիսաինտելիգենցիան է, որ մենաշնորհ է վերցրել ազգային գործերը վարելու։ Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծե՛լ իրա համար և կոչել է այն ազգային կյանք և այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր։ Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան — գրականությունը, դպրոցը, արվեստը... Նա հաշտ ու հեզ ապրում է կղերի թևերի տակ։ Դուք կարծում եք նա կրոնակա՞ն է, բնավ։ Նա աթեիստ է, նա պոլիտիկան է, նա եկեղեցու միջոցով պոլիտիկա է անում։ Նա կրոն չունի, իհարկե, եթե ասես նրան մի բառկրոնական ստեղծագործության մասին, նա կծիծաղի կամ թթու արհամարհանքով երես կդարձնի քեզնից։ Ինչպես ստեղծագործությո՞ւն, կրո՞ն։ Ո չ, նա կրոն չունի, այո՞, ոչ մի կրոն, բայց նա շատ լավ է հասկանում կղերական ստեղծագործությունը, որովհետև նա ոչ թե մարզ է, ոչ թե քաղաքացի, այլ միայն և միայն ծխական։ Այդ ծխականի համար կրոնը իբրև այդպիսին գոյություն չունի, ծխականը հասկացողություն անգամ չունի կրոնական էմոցիաների մասին։ Սակայն ես կրոն ասելով միշտ զգում եմ, որ այդ «կրոն» խոսքը մեր կղերի և սեմինարիստական ինտելիգենցիայի շնորհիվ բոլորովին կորցրել է իր իսկական իմաստը (ինչպես և շատ ուրիշ բառեր ու դարձվածքներ) և ընդունել է կղերական-քրիստոնեական բնութ ու գույն, որ