և հետո (օհ, այդ «հետո՜ն), և այն բանի համար, որ կայարան չեկա, չխոսելով արդեն այն մասին, որ շա՜տ անհյուրընկալ էր մեզ մոտ (հավատացնում եմ Ձեզ, այստեղ ոչ թե ես, այլ հանգամանքները, անիծյալ, հավերժ անիծյալ հանգամանքնե՜րը)։ Մի տեսակ ամեն ինչ ստացվեց ոչ այնպես, ինչպես կուզենայի, այդ պատճառով էլ, Աստված վկա, Ձեր խոսքերն այն մասին, որ մենք «ձեզ շրջապատել էինք ջերմությամբ» ու մտերմությամբ, ինձ ծաղր են թվում։ Ազնիվ խոսք, ես հիմա էլ դրանում համոզված եմ։ Ինձ թվում է, թե Դուք ծիծաղում եք այդ ասելով։ Բայց չարժե պատմել այդ ամենը (այսինքն ինչու և ինչպես այդպես ստացվեց), և ես Ձեզ խնդրում եմ այս անգամ ավանսով հավատաք ինձ, որ այդ այդպես է։ Այս ամբողջ ժամանակ իմ բոլոր գործերում լիակատար անկարգություն և քաոս է։ «Հիմիկ» ահա ընկել եմ Պիտեր և մինչև հիմա դեռ վերջնականապես չեմ տեղավորվել։ Սուսաննան դեռ Ստավրոպոլում է։ Երբ տեղավորվեմ, գուցե նրան հաջողվի գալ, տեղ գտնի՝ լավ, չգտնի — մի ամիս կապրի և նորից կմեկնի։ Սակայն այդ ամենը դեռ պարուրված է մշուշով, ինչպես այս ցուրտ Պետերբուրգը։ Տեսնենք ինչ դուրս կգա այս բոլորից։ Գուցե և լավ բան դուրս գա, ի՞նչ իմանաս։ Իսկ ընդհանուր առմամբ ոչ մի ռիսկի բան չկա, կորցնելու բան չունես, իսկ ձեռք բերել կարող ես եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա գոնե նրա ամենափոքր մասնիկը, իսկ չէ՞ որ մենք խեղճերս այդ էլ չունենք։ Ձեր աղջկան ասացեք, որ Վահան քեռին կհարստանա և նրա համար կգնի մի շատ լավ տիկնիկ, թող հավատա և հուսա — դա յոթը սարի հետև չի, շուտով, շուտով զգում եմ, որ հարստանալու եմ, թեև ոչ Ամերիկայում, ոչ Աֆրիկայում քեռի չունեմ։ Իհարկե չեք զլանա ողջույնս հաղորդել Ձեր մայրիկին և հայրիկին, եթե նրանք ինձ հիշում են։ Իսկ սրա հետ միասին ցանկամ Ձեզ ամենայն, ամենայն բարիք և պառկում եմ քնելու—արդեն ժամը 2-ն է։
P.S. Հա՜, Օնիկն այստեղ է։ Ես հենց որ իմացա (այն ժամանակ դեռ հյուրանոցում էի), նրան հանդիսավոր հեռագիր տվի և կանչեցի։ Հաճախ ենք հանդիպում և միասին թրև դալիս Պետերբուրգում,