Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

P.S. Լսեցի և տեղեկացա Պողոսի նամակներից Ձեր «էջմիածին» գնալը և ուրախացա սրտով Ձեր այդ «տուռնեի» համար: Կարդացի Ձեր ճառը (ուզում էի գրել «ատենախոսությունը»), որ ինձ ենթադրել տվեց, թե «տրամադրություննիդ» բարձր է եղել և լավ, թեպետ Պողոսը գրում է, որ այնքան էլ գոհ չեք մնացել տեսած-լսածներիցդ, բայց, իհարկե, Նաիրի երկրից անպատճառ գոհ մնացած պիտի լինեք։ Ողջ եղեք։

Նույն և միևնույն Վահանը, որ ապրում է ի քաղաքն մառախլապատ «Պետրոսակերտ», Պետերբուրգի կողմ, Մեծ «պրոսպեկտ», տուն 17, բնակարան 34 և չնայած որ այս նամակը և՛ մեղայական է, այնուամենայնիվ Ձեզնից լավ նամակի է սպասում, «ի մխիթարություն սրտի յուրում» քաղաքումն այս օտար ու ցրտաշունչ:

Վ.

Ներողություն արեք, որ Ձեր զահլեն տարա բամբառակությունովս (Սիրանույշ)։ Подлец всетаки человек и наглец—все ему нипочем! Հա՜, մոռացա, Օնիկը այստեղ է— գյուղատնտեսական կուրսերումն, որպեսզի սովորի, թե ինչպիսի՞ աղբով պիտի աղբել դաշտերը և ինչպե՞ս կթել կովերը և կաթից մածուն շինել և կամ ճիճուների մասին և ծառերի մասին ու խոտերի մասին և հողի մասին — ամեն բան։ Օր ու գիշեր պարապում է և իմ կարծիքով արդեն համարյա թե «բռոֆեսոր» է՝ այնքան ինձ համար անհասկանալի բաներ է սովորել էլ փիզիկա, էլ բիոլոգիա, էլ քիմիա, էլ որն ասեմ, մի խոսքով շատ բնագետ է, սարսափելի է ուղղակի մտածելն անգամ։ Եվ չնայած այդ ամենին, սիրով բարևում է Ձեզ և ձերոնց, և Դուք ունդունեցեք այդ սրտանց, վասնզի մեր Օնիկն է, թեև շուն էլ է, գել էլ է, բայց ո՞վ չէ շուն և գել։ Լավ, «հերիք էլավ, բոլ էլավ». հիմա արդեն իսկապես եմ վերջացնում նամակս, թուղթն էլ իր վերջանալովը բողոքում է և ասում, թե գիշերվա ժամը 2-ն է, «պառկիր, ով բազմատանջ ու թշվառական կիսափիլոլոգ—կիսապոետ», և ես հնազանդվում եմ ու վերջ դնում այս շատախոսությանն անուշ։

Վերջին անգամ ես՝ Վահան