անցավ, քան թե «իմ բախտը բերեց»։ Արդեն հաճախում եմ դասախոսությունները և մեծ եռանդով սկսել եմ պարապել, և ինձ անչափ ոգևորում է այս պարապմունքս։ Դժվարություններ կան, բայց «ժիր ջանը» կհաղթե գուցե այստեղ էլ։ Դժվար է ապագայի համար գուշակություններ անելը, ուստի ոչ միայն քո առաջ, այլև ինքս իմ առաջ չեմ ուզում առանձնապես փայլուն հեռանկարներ պատկերացնել։ Ապագան ինքը ցույց կտա, թե ինչ պիտի դուրս գա։ Մառը ինձ շատ դուր եկավ առայժմ և հավանեցի նրա մեջ այն, որ ոգևորված մարդ է և կենդանի—հետաքրքրական է նրա մոտ պարապելը, չնայած որ առայժմ, ըստ երևույթին (հեռվից կարող է այդպես երևալ), չոր բան է սովորածս — քերականություն, սակայն շատ հետաքրքրական է, հավատացնում եմ քեզ—եթե վերցնես նրա (Մառի) քերականությունը, ինքդ կտեսնես, որ շատ ու շատ նոր, մեզ համար բոլորովին անսպասելի բաներ կան այնտեղ։ Իսկական գիտնական է (Աստվա՜ծ իմ, երբ մտաբերում եմ մեր դժբախտ, թշվառական Խալաթյանին, խղճահարվում եմ— որքա՜ն բոբիկ էր ու հեռու գիտությունից)։ Մառը այնքան նոր բան է ասում (գոնե ինձ համար—ուրիշները գուցե և գիտեն, բայց ես ախր սովորել եմ և Խալաթյանի մոտ — ничего подобного и не нюхал), որ բոլոր գիտեցածդ այլ կերպարանք է ստանում։ Վերջապես ես այստեղ տեսա, որ հայերենը կարելի է նույնպես անցնել ինչպես մեզ մոտ (Մոսկվայում) անցնում էին ռուսաց և այլ լեզուները — զուտ գիտական ձևով և ոչ «դպրոցական» շաբլոնով: Ադոնցին էլ մի անգամ լսեցի, բայց նրա մասին դեռ որոշ բան ասել չեմ կարող։ Մառը, սակայն, շատ խստապահանջ է և ասում է, որ անհրաժեշտ է [նա ֆակուլտետի դեկանն է և ինքն է կազմել բաժանմունքի ծրագիրը] սովորել և հունարեն [այստեղ բոլորովին այլ կերպ է դրված հունարենի ուսումնասիրությունը, և ես սովորելու եմ], սիրիերեն (сирийский), այսինքն ասորերեն, որը մեծ ազդեցություն է ունեցել հայերենի և մեր գրականության վրա։ Մառի ասելով առանց ասորերենի անհնար է մեր հին գրականությունն ուսումնասիրել, վրացերեն, արաբերեն, նոր և հին (պեհլևի) պարսկերեն և սանսկրիտ: Բոլոր լեզուները անցնում են չորս տարի, այնպես որ սովորում են լավ, գոնե ազատ կարդալ, հասկանալ և գիտական կերպով վերաբերվել կարողանում են — այդպես ասաց Մառը և ինձ թվում է, որ չորս տարվա մեջ կարելի է, իհարկե,
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/119
Արտաքին տեսք