Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունել։ Ես մտածում էի այսպես՝ Ցոլակն է խմբագիրը, Ցոլակի թերթն է և պետք է, անհրաժեշտ է ձեռք տալ, աջակցել ամեն կերպ, որ առաջ գնա և գուցե դա հիմքը դառնա մեր ապագա ավելի արդյունավետ գործին, որի մասին երազել ենք միասին տարիներ երկար։

Սակայն հետո պարզվեց, շատ շուտ պարզվեց, որ նախ այդ թերթի տերն ու տնօրենը դու չես, այլ մի ուրիշը, որին դու ամեն կերպ հանձնարարում էիր, բայց որը, որքան էլ համակրելի լինի, երբեք Ցոլակ չի լինի ինձ համար։ Եվ թերթը այնպիսի գույն ուներ, որ չէր կարելի նրան ընդունել իբրև մի խիստ սկզբունքների հետևող օրգան։ Ես այդ մասին քեզ մի անգամ կարծեմ գրել էի։ Եթե թերթը լիներ մի որևէ գաղափարական խմբակի օրգան, որի ընտրած ուղին ինձ առանձնապես համակրելի է, եթե դա լիներ որևէ քաղաքական կամ գրական նեղ շրջանի օրգան, որ հասարակության կողմից խրախուսվելու չէր և պիտի լիներ այսպես ասած ցիտադել որոշ գաղափարների, քարոզիչ չընդունված մի սկզբունքի, այդ դեպքում ես փողի մասին չէի մտածի։ Բայց ձեր թերթը այդպիսի թերթ չէր։ Դա սովորական հայ լրագիր էր, որի արտահայտած գաղափարների մեծագույն մասը ինձ համակրելի լինել չէր կարող, որի բռնած ուղին երբեք իմ ուղին լինել չէր կարող, որի վրա ես նայում էի ոչ թե իբր իմ թերթի (կամ քո թերթի— միևնույն է), այլ իբր մի հայ թերթի, որը գուցե մի քիչ ավելի քաղաքակիրթ մարդոց ձեռքում է և գուցե ավելի մաքուր է մի քիչ, քան «Հորիզոն»-ը։ Մի՞թե այդ հանգամանքը պիտի այնքան ոգևորեր ինձ, որ ես աջակցեի ու ամեն ինչ անեի մի այդպիսի թերթի համար։ Եվ թերթի աշխատակիցների ցանկը ինձ երբեք հույս չներշնչեց, որ նա «կբյուրեղանա»— ընդհակառակը՝ քանի գնաց ավելի ու ավելի մոտեցավ «Հորիզոն»-ին ու «Մշակ»-ին։ Տպեցիք ամեն ինչ առանց ջոկելու և չաշխատեցիք թերթը պահել որոշ բարձրության վրա, մինչդեռ դա այնքա՜ն կարևոր էր, այնքա՜ն անհրաժեշտ մեր իրականության մեջ։ Ձեզ հաճելի թվաց ունենալ մի թերթ—ինչպես էլ լինի։ Իսկ ես կարծում եմ, որ լավ է չունենալ այդպիսի թերթ, քան ունենալ։ Մեր իրականության մեջ այդպիսի առատ գործադրություն գտած այդ «տնայնագործական» ձևը ինձ վաղուց է ձանձրացրել, և ես բնավ հաճույք չեմ զգում ձեռք տալու այդպիսի չմտածված մի блажи. Օրինակ, դուք (սա իմ