Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(«Հորիզոն»-ի նոր տարվա ՀՀ-ում), որ նվիրված է Շիրվանղադեին, ցույց են տալիս, որ հիշյալ խմբագրությունը, համենայն դեպս գոնե այդ խմբագրությունը, իրավունք չունի ասելու, որ հայ հասարակությունը պիտի բողոքե և չի բողոքում քանի որ հայ հասարակությունը եթե բողոքող լիներ, նախ պիտի Նույն լրագրի խմբագրության դեմ բողոքեր։ Եվ հասարակությունր պիտի բողոքեր ոչ միայն ձևի դեմ, այլև էության: Այսինքն ոչ միայն այն բանի դեմ, որ նրանք իրանը իսկ դրվատած և իրանցդ ձեռքով պսակված հայ հեղինակին ամենանպատկառ կերպով վարկաբեկ էին անում անվայել արտահայտությամբ, ձևով, այլև նրանց ընդհանուր վերաբերմունքի դեմ դեպի իրերը։ Նույնպիսի մի անվայել ակնարկ թույլ էր տվել նույն թերթի խմբագրությունը իր աշխատակիցներից մի ուրիշի պրոֆեսոր Մառի վերաբերմամբ, այն Մառի, որի արժանիքներն ու բարեմասնությունները ես չեմ, որ պիտի մատնանշեմ, նոքա շատ լավ հայտնի են հայ հասարակության— բայց կուզեի միայն նկատել, որ այդ անվայել ակնարկը արված է այն ժամանակ, երբ Մառի հոբելյանն էր, որին՝ այնքա՜ն անտարբեր ու սառն վերաբերվեց հայ հասարակությունը գուցե նույն պարոնների և այլոց տարածած անարժան բամբասանքների շնորհիվի։ Ահա այս երկու խնդրի մասին էր, որ ես գրել էի իմ հոդվածում, որին չվիճակվեց լույս տեսնելու։ Այդ, երբ ես պարզ կերպով հայտնել եմ իմ վերաբերմունքը դեպի պարոն Առաքելյանի հոդվածը Հովհ. Թումանյանի մասին, ես կուզեի մի քանի խոսք ևս ասել։ Որքան և անթույլատրելի համարեմ Առքելյանի հոդվածները, մի բան մնում է անժխտելի—«Մշակ»-ը, որքան ինձ հայտնի է, և մասնավորապես պարոն Առաքելյանը, երբեք չեն փառաբանել Հովհաննես Թումանյանին — նրանք միշտ բացասական վերաբերմունք են ցույց տվել դեպի Թումանյանը։ Գուցե սխալ է նրանց կարծիքը (ես կարծում եմ, որ, այո , սխալ է), բայց մարդիկ այդպես են կարծում և այդպես էլ ասում են։ Իսկ երբ «Հորիզոն»-ն է ասում Թումանյանի մասին, որ նա մեծ պոետ է, ես ոչ մի րոպե նրան հավատալ չեմ կարողանում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ վաղը, «առանց որևէ պատճառի» (կամ ավելի ճիշտ ինձ անհայտ պատճառներով), նույն մեծ պոետին նույն «Հորիզոն»-ը՝ կարող է գրաֆոման կամ մի այլ նույնանման, եթե ոչ վատթար պատվանուն տալ։