Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ, «ուրախ» տխուր եմ)։ Այն ժամանակ այդ սարսափելին չկա։ Ձեզ հետ նստած կամ զբոսնելիս ու զրուցելիս, կամ կռվելիս, այ չեմ զգում (համենայն դեպս չէի զգում)։

Ահա հիմա սարսափելի փշրված եմ: Հոգնել եմ։ Հոգնատանջ եմ: Հիվանդ եմ։ Ծայր աստիճան ջղագրգիռ եմ։ Ուժասպառ եմ եղել։ Տհաճությունները շատ են, հաճելի քիչ բան կա։ Այս րոպեիս նստած վրացերեն էի սովորում։ Վաղն անհարմար կլինի, եթե Մառը որևէ բան հարցնի՝ չիմանամ։ Պետք է մի շարք գործնական նամակներ գրեմ, շատ շտապ, անհետաձգելի։ Անկարելի հոգնած եմ: Բայց ուզում եմ ձեզ գրել և չեմ կարող դիմադրել այդ ցանկությանը, թեև գիտեմ, որ պետք է վերջ տալ, պետք է նորից ձեռնարկել վրացերենին, արդեն ուշ է, պետք է առավոտյան վաղ վեր կենալ, վազել։

Գրում եմ ձեզ և ոչինչ չեմ գրում, ոչինչ չեմ գրում, սիրելի անտենկա (փոքրատառով ստացվեց)։ Ճիշտն ասած, սա միայն այնպես, սա վերևանց է, մակերեսից, իսկ «այնտեղ»՝ «այնտեղ» մութն է, և սողում են իժերը, կամ գուցե ոչինչ չի սողում, այլ միայն խավար ու լուռ է, և դրա համար ինձ թվում է, թե սողում են ինչ-որ կենդանի արարածներ կամ դրա նման մի բան։ Թողնենք այդ։

Դուք արդեն գուցե կարծում եք, թե խելագարվե՞լ եմ։ Ոչ, աստվա՛ծ վկա, ոչ։ Խելքս գլխիս է և հիշողությունս տեղը (գոնե առայժմ )։ Իսկ որպեսզի հավատաք, որ դա այդպես է, ձեզ որոշ բաներ կհաղորդեմ իրադրության և ամեն ինչի մասին։ Սուսաննան պառկած է։ Նա հիվանդ է, կոկորդն է ցավում։ Վաղը պետք է բժիշկ կանչել: Արդեն երրորդ օրն է, կոկորդը ցավում է և չի անցնում։ Ասում է, որ շատ է ցավում, նույնիսկ երբ շնչում է։ Եվ ձայնն էլ կտրվել է։

Ինչպես տեսնում եք, ես միանգամայն առողջ եմ և խելքս գլխիս է։ Բայց ես սարսափելի հոգնել եմ, Անտենկա, և լամպը հանգչում է։ Վրացերենը առավոտյան կավարտեմ։ Մահացու հոգնած եմ:

Դե, հանգիստ քնեք, անտենկա (նորից փոքրատառով, սա՞ ինչ բան է), քնեցեք և երազում «տեսեք», որ ամուր գրկում ու համբարում եմ ձեզ, և պատասխանեցեք նույնով...

Վահան Տերյան