Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ կարծես չի փոխել․ ես էլի նույնն եմ, չեմ գազանացել և չեմ հիմարացել։ Առհասարակ առանձին փոփոխություն չեմ նկատում, թեև, իհարկե, չեմ կարող գանգատվել, կարծեք թե այնուամենայնիվ ավելի լավ եմ ապրում։ Հոգեկան կյանքս անփոփոխ է, չէ՞ որ ոչինչ չի փոխվել, աշխարհը մնում է նույն հիմար աշխարհը։ Եվ կյանքը, և մահը, և սերը, և թախիծը՝ էլի նույնն են։ Աշխարհը շուռ չի եկել, մի խոսքով, առաջվա վիճակում է։

Էլի նույն արևն է, նույն աղքատիկ գոյությունը (ինչպես և բոլորինը, չբացառած մեծերից մեծ մարդուն), նույն սիրելի երազանքը այն մասին, ինչը երբեք չի պատահում և չի պատահելու։ Այդ էլ, նույնիսկ այդ էլ է ձանձրացրել, այ թե որն է դժբախտությունը։

Իսկ չէ՞ որ ես այնպե՜ս հոգնել եմ, դուք գիտե՞ք, Անտենկա , ինչպես եմ հոգնել։ Ո՞չ, չգիտե՞ք, սիրելի Անտենկա, ինչպես եմ հոգնել։ Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ։ Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է։ Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել։ Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան։ Վայելեցեք երաժշտությունը, Անտենկա, և Մարթային էլ հաղորդեցեք ահա այն, ինչ գրում եմ։ Այդ ինչո՞ւ ես շարունակ այնպիսի զգացողություն ունեմ, թե Մարթան դեպի ինձ անբարյացակամ է և մի բան ունի իմ դեմ։ Սա ի միջի այլոց։ Դե, առայժմ։ Պինդ սեղմում եմ ձեր ձեռքը և սպասում եմ ձեր լավ և երկար նամակներին։

Ո՛ղջ լերուք։

Նամակս, խնդրում եմ, կողմնակի մարդկանց ցույց չտաք ինչպես առհասարակ իմ նամակները, եթե դրանք պատռելու եք (պետք է ազնիվ խոսք տաք), ձեզ որոշ բաներ կգրեմ։ Եթե համաձայն եք, այդ մասին գրեցեք նամակում՝ այո թե ոչ։

Գրեցեք։

Վահան

Սուսաննան ստիպեց բացել արդեն կնքած նամակս և ավելացնել, որ ձեզ բարևում է։

Վ.