Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
111. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1915, մարտի II կես, Պետրոգրադ>

Մի նեղանաք, սիրելի Նվարդ, որ այսքան ժամանակ չեմ գրում Ձեզ։ Վատ օրեր էին, գլուխս խառն, գործերս ավելի ևս, տրամադրությունս ընկած—ապատյա և առօրեական հոգսերով լի օրեր—արժե՞ր գրել այդպիսի ժամանակ և ի՞նչ գրել։ Ահա այսօր էլ նստեցի գրելու և տեսնում եմ, որ ոչինչ լավ բան չի գրվելու, բայց այնքան երկարում է իմ ապատիկ տրամադրությունը, որ Դուք կարող եք այլ կերպ բացատրել իմ լռությունը, եթե նորից չգրեմ, մինչդեռ Ձեր նամակը, թեպետև կարճ, և մի քիչ կարծեմ չոր, ինձ այնքան ուրախացրեց ու մխիթարեց։ Այժմ քիչ-քիչ կարծես թե գործերս սկսում են կարգի գալ, բայց շատ եմ ուզում Կովկաս ընկնել ու անհնար է—դա ինձ տխրեցնում է։ Սակայն մխիթարում եմ ինձ ինչ-որ գաղտնի հույսով, որ դա կհաջողվի։

Ինձ խնդրել են մի ռուս թերթի համար հայերենից իմ ընտրությամբ մի բան թարգմանել։ Երկու շաբաթ է գլուխ եմ կոտրում, չեմ կարողանում մի կարգին պատմվածք ճարել, որ շատ մեծ չլինի և լավ լինի (ասենք մեծերն էլ մի բան չե՜ն)։ Եթե ասեմ—ափսոս չե՞ն մեր պոետները, կկարծեք թե աչառու եմ դեպի պոետները, որովհետև ինքս էլ ոչ բարով պոետ եմ։ Բայց դա ճիշտ է։ Եթե ինձ խնդրեին մի շարք լավ ոտանավորներ ընտրել ու թարգմանել—ես համենայն դեպս կկարողանայի մի ամբողջ գիրք բան ընտրել... Եվ այդ ավելի պարզ երևում է, երբ սկսում ես թարգմանել — դա իսկույն աչքի է զարնում։

Դուք չկարծեք, թե ես բառացի թարգմանության մասին եմ ասում—ես հասկանում եմ, որ պետք է լավ թարգմանել, բայց ախր ի՞նչ լավ թարգմանես, երբ, օրինակ, վերցնում ես Ահարոնյանի «հռչակավոր» («Մայրեր»-ը, կարդում ես չորս երես, հետո երբ շարունակում ես, տեսնում ես, որ բոլորն ավելորդ է, անհետևողական, կեղծ, սուտ։ Դա չի կարող չնկատել ռուս ընթերցողը, որին երես են տվել Չեխովի նման կարճ ու ազդու գրողներ։ Տալ մի թարգմանություն և զգալ, որ տպում են, որովհետև հայերիս բարիք են անում — վիրավորական չէ՞ միթե մի մարդու համար, որն ինքն էլ ուզում է հայ գրող լինել, և, բացի այդ, գիտե, թե ինչու են