Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻ

1911, 25 մայիսի

Անտյա

Չգիտեմ նամակներս ստացե՞լ եք, թե ոչ։ Ինչո՞ւ մինչև պատասխան չկա։ Ի՞նչ է նշանակում սույնը։ Թե՞ հարկ չհամարեցիք պատասխանել այդ նամակներին։ Գուցե արդեն զղջո՞ւմ եք, որ անցյալ անգամ գրել եք։ Գուցե «առհասարա՞կ» ինձ չեք ուզում գրել։

Ահա այս հարցերին կուզենայի ձեզնից ստանալ ըստ հնարավորին շուտափույթ պատասխան, որովհետև անհանգստանում եմ և տարակուսում։

Առայժմ ամենայն բարիք։

Ձեր Վահան


15. Ն. ԵՐԵՎԱՆՑՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ

1911, 19 հունիսի, Ստավրոպոլ

Սիրելի Նինա Մոիսեևնա և Կարբարիչ

Օրերը արագ են անցնում և աննկատելի։ 15 օր է այստեղ ենք, իսկ ինձ թվում է, թե երկու-երեք օր է մեր այստեղ գալը։ Դա նշանակում է, որ կյանքդ մի բանով լցված է— ուրեմն լավ է, բայց միևնույն ժամանակ նշանակում է, որ չես հանգստանում այնպես, ինչպես կարելի կլիներ հանգստանալ եթե լինեիր մի հեռավոր ծովափնյա տեղ և դանդաղ օրերդ ծուլության և խաղաղության նվիրեիր։ Իսկ այստեղ— գնում ես սրա մոտ, նրա մոտ, թատրոն, աղմուկ, խոսք-զրույց — մի խոսքով ունայնություն է, որից իսկական իմաստունը պետք է միշտ հեռու փախչի, ինչպես դուք։ Зато այստեղ հյուրասիրում են «яствами» (Գրիգոր Աբրամիչ ականջդ կանչի) և Խմելեոք բազում (если неправильно Карп Борисович, ради бога не ругайте меня).

Առավոտները պարապում եմ հոգեփրկիչ բաներով — բանաստեղծությամբ (պատրաստում եմ գիրքս, որ, այնուամենայնիվ, մտադիր եմ աշնանը լույս ընծայել), ընթերցանությամբ (ի միջի