Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գյադան։ Ես շատ բան կպատմեի քեզ նրանց մասին, և դու կհասկանայիր, թերևս, թե ինձ ինչու է զայրացնում քո չափազանց քնքշությունը դեպի այդ մարդիկ[1]։

Երբ ես Երևան էի (այս ձմեռ), մի դաշնակցական կամավոր և միևնույն ժամանակ «Հորիզոն»—ի թղթակից ինձ ասաց, որ երբ Հ. Առաքելյանը Էջմիածին է եղել (կարծեմ համագումարին), նրանք ուզեցել են սպանել նրան։ Ես զայրացած հարց տվի.

— Ախր ինչո՞ւ։

— Պարոն Տերյան, վերջապես անտանելի է այդ մարդը, նա դավաճան է և սկսեց ինձ համոզել, որ վերջին կարգադրությունը o реорганизации армянских дружин իբր եղել է Հ. Առաքելյանի դրդմամբ։

— Ինչո՞ւ է նա դավաճան, հարցնում եմ ես, և նա այդ հարցին է պատասխանում այդ տխմար ու հերյուրյալ լրբությամբ։

Եվ նա «Հորիզոն»-ի թղթակից է և այժմ էլ գրում է այնտեղ։

— Հետո՞, հարցրի հետաքրքրված, հապա ինչո՞ւ չսպանեցիք։

— Է՜հ, ասին էլի աղմուկ կբարձրացնեն, էս կասեն, էն կասեն... Ասինք մի լավ ծեծենք և արդեն պատրաստվել էինք, որ երեկոյան, երբ անցնելիս լինի, մթան մեջ բռնենք ու մի լավ թակենք, բայց էլի ասինք պիտի խոսեն, ասեն ձեզ պես, որ ավազակ ենք, վայրենի, ու չարինք։ Երդվում եմ քեզ, որ այս բոլորը փաստ է, բայց դժբախտաբար վկա չկար, և ես չեմ վստահանում այս մասին գրել, որովհետև նա, իհարկե, կհրաժարվի ասածից։ Բայց մի օր պիտի բռնեմ նրան ու ala դաշնակցական հարցնեմ վկայի ներկայությամբ, այն ժամանակ կարելի է հավատան և ուրիշները։ Ասում եմ ala դաշնակցական, որովհետև նրանց ձևն է այդ միամտորեն հարցուփորձ անել ու հետո օգտվել այդ ասածներից։ Ահա թե ո՞վ են դրանք։ Այժմ դու ուզում ես դրանց հետ խոսել ինչ-որ վերին արդարության անունից։ Մարդն ասում է չսպանեցինք, չթակեցինք , որովհետև վախեցանք, որ այսպիսի ժամանակ աղմուկ կբարձրացնեն դաշնակցության շուրջը։ Եվ ահա թե ո՞ւմ հետ ես ուզում դու գերագույն արդարություն պահպանել սարսա՜ղ... խելքդ գլուխդ հավաքիր ու տես, թե ով են քեզ շրջապատողները, տո՛։

  1. Այստեղից սկսած գրված է հայերեն։