Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետաքրքրական է ձեր հոնորարների չափը։

Այս րոպեիս Դավթից նամակ ստացա, ուր, ի միջի այլոց, գրում է, թե «Գործ»-ից ինձ հրավեր է ուղարկված աշխատակցելու։ Ես այդպիսի հրավեր չեմ ստացել։ Եթե իրոք ուղարկել եք, ուրեմն առավել ևս իրավունք եմ տալիս քեզ իմ փոխարեն բանակցելու խմբագրության հետ և պայմանս առաջադրելու նրանց։

Դավթին ասա գրքից մի 10 օրինակ ուղարկի այստեղ կծախվի։ Դավթին շատ բարև Արա–շնորհակալություն ասա լավ նամակի համար, որին մի ուրիշ անգամ կպատասխանեմ, այժմ սաստիկ զբաղված եմ, իսկ թե սկսեմ, պիտի շատ գրեմ։ Քո անունով մի նամակ էի ղրկել Դավթին հանձնելու—ստացե՞լ ես, թե՞ ոչ։


157. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1916, օգոստոսի II կես—սեպտեմբերի I կես, Պետրոգրադ>

Սիրելի Ցոլակ

Բացիկդ ստացա։ Եթե դու առաջարկելով ինձ աշխատակցել «Գործ»-ին, արել ես այդ խմբագրության հանձնարարությամբ (պաշտոնական առաջարկ կամ հրավեր ես չեմ ստացել), ապա ուրեմն կարող ես հայտնել խմբագրությանն իմ պատասխանը, որ այս է—հետևելով ամեն տեղ հրավիրվող աշխատակիցների նկատմամբ գործադրվող սովորույթին[1] (որի վրա հիմնվում եմ ես), խմբագրությունը թող բարի լինի ուղարկելու ինձ ավանս և հայտնելու ինձ վճարելիք հոնորարի չափը (ոտանավորներիս համար)։ Նախքան կկատարվի իմ այդ խնդիրքը, ես անկարող պիտի լինեմ որևէ գրվածք ուղարկելու արգո խմբագրությանը։ Իրավունք եմ վերապահում ինձ միևնույն ժամանակ խմբագրության որոշած հոնորարի չափը անբավարար համարելու դեպքում ստացածս ավանսը ետ ուղարկելու և աշխատակցությունից հրաժարվելու։ Ավանս խնդրում եմ ուղարկել 200 ռ.։ Պատասխանս վերջնական է։

  1. Բոլոր ռուս խմբագրություններում ընգունված է այդ, և ես հիմք չեմ տեսնում, որ հայ խմբագրությունը չընդունե այդ միանգամայն կարևոր և խելաքի սովորույթը։