20. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
Սիրելի Անտենկա
Համարյա ամեն օր մեր տանը իմ լուսամուտի առաջ երգում ու նվագում են երգեհոնիկահարները։ Անասելի սիրում եմ փողոցային երաժշտությունը և այդ վատ երգեցողությունը և այն անսահման թախիծը, որ քեզ համակում է այդ ժամանակ։ Իմ մեջ այնքա՜ն հաճախ է հայտնվում թափառաշրջիկ, լյումպեն պրոլետար լինելու, առանց որոշակի մասնագիտության ամբողջ աշխարհում քարշ գալու, առանց տան, առանց կապերի, ազատ շրջմոլիկ լինելու ցանկությունը։ Եվ շատ հաճախ ինձ տարօրինակ է թվում, որ մենք բոլորս այսպես իրար ենք անցնում, տանջվում ենք և բոլորը դատարկ բաների համար, չէ՞ որ վերջ ի վերջո հարց է ծագում՝ արժե՞ արդյոք այդպես ապրել։ Ավելի լավ չէ՞ շրջմոլիկ լինել, երգեհոնիկ նվագող, կամ առանց հաստատուն տեղի բանվոր։ Բայց թողնենք այս։ Ավելի լավ է մի ուրիշ անգամ խոսենք սրա մասին։
Ձեր նամակն ստացել եմ երեք օր առաջ։ Շատ շնորհակալ եմ, սիրելի, սիրելի Անտենկա։ Մի քանի անգամ կարդացի ձեր նամակը և այնպե՜ս լավ էի զգում ինձ։ Ես ձեզ այնպե՜ս եմ սիրում այս ամբողջ ժամանակ։ Ինձ շարունակ թվում է, թե պետք է ձեզ շատ, շատ բան ասեմ, բայց հենց որ նստեցի գրելու, մի տեսակ ամեն ինչ գլխիցս դուրս թռավ: