Լսելովս խեղճ Պաոլոյին շատ եք քարկոծում ու միսն ուտում եք։ Այ տնաշեններ, ի՞նչ եք ուզում նրանից։ Եթե անգամ սխալ գործած լինի, մեղք չէ՞, որ դուք նրան հալածում եք ինչ-որ զազրելի մոնոզոնների համար։ Ինձ էլ մի րոպե թվաց, որ լավ կլիներ չաներ այդ քայլը, բայց երբ մտածեցի, տեսա, որ նրան մեղադրելու իրավունք չունեմ և որ այժմ նրան մենք ոչ թե մեղադրելու ենք այլ օգնելու միայն։ Երբ միտս բերի էջմիածինն ու մոնաքոսներին, նրանց զզվելի, այլանդակ, ուղղակի անտանելի պատկերք, երբ հիշեցի նրանց անամոթ արարքները և «Գևորգ բիձային» անսահման բթամտությունը (որ աչքովս տեսա), երբ հիշեցի այգ աղբակույտի մեջ թավալվող խոզերին, մտածեցի` որքա՜ն միամիտ ենք մենք, որ այդքան բարակ ենք մանում։ Ասում եք անցյալ տարի ռոճիկ է ստացել ու ման է եկել, բայց մի՞թե Լեհաստանի բոլոր վարժապետներն, ահա, երկու տարի է ռոճիկ չեն ստանում ու թրև չեն գալիս և վերջապես ո՞վ է մեղավոր, որ նման է եկել — չէ որ ճեմարանը ազատ կերպով կարելի էր բանալ անցյալ տարի իսկ չբանալը եղել է դիտավորյալ այդ սևագլուխների կողմից և մի մոռանա, որ պայմանադրության ժամանակ, ես լավ հիշում եմ Պաոլոն նախ և առաջ շեշտում էր սենյակի հարցը և պնդում այն իբր Conditio sine qua non... Հիմա ինչո՞ւ պիտի նա զիջեր։ Ինչո՞ւ նույն Էջմիածինը ոչ մի բանում չի զիջում, ոչ մի բանով ընդառաջ չի դնում իր իսկ վարժապետների կարիքներին։ Մի խոսքով, կրկնում եմ, մեր բարոյական չափերը պետք է ռեալ պայմանների մեջ լինեն՝ օդի մեջ բարոյականություն չկա և բարոյականը պայմանական է, այո՛։ Մի խոսքով, Պոլի միսը մի ուտեք։ Այ եթե նրան մի ավանս սարքեք под Гауптмана — ավելի արդյունավետ կլինի։
Դե ողջ լեր, սիրելիս, և մի մոռանար զիս։ Ջերմագիր բարևներս Բարբարեին և բալիկիդ։
Հա՛, Ցել, «մա՛ն օլում», ղրկիր ինձ տրիոլետներս, որ ես չունեմ— արտագրելիս էական ուղղումներ եմ մտցրել և մոռացել եմ իմ սևագիրն ուղղելու։ Ծայրահեղ դեպքում գոնե լավ պահիր