Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանկիկս, ինչ առայժմ կարող եմ ասել այս մասին։ Մեր կոմիսարիատը տեղավորված է այն նույն տանը, որտեղ ապրում են Կարենոն և իր կինը։ Մենք հաճախ ենք տեսնվում իրար հետ։ Նրա կինը խնդրում էր բարևել քեզ, երևում է Կարենոն շատ լավ բաներ է ասել քո մասին։ Եղել եմ Կուսիկովների մոտ։ Ամեն ինչ առաջվանն է, միայն չկա խեղճ Կարպ Բորիսովիչը։ Քաղաքականության մասին քեզ չեմ գրի։ Մի բան կասեմ, մի հավատա լրագրային ասեկոսեներին ու սարսափներին։ Կգամ, հետս կբերեմ քո իրերն ու դրամ, թեև պետք է քեզ ասեմ, որ ինչքան էլ ջանացի, չկարողացա գեթ մի քիչ փող կուտակել — ինչ որ ստանում եմ, հազիվ է բավականացնում ապրուստի: Բայց և այնպես, ինձ թվում է, կկարողանամ մի քանի հարյուր ռուբլի բերել քեզ։ Դե, Լյուլինկա, առայժմ ամենայն բարիք քեզ: Խղճա ինձ և խելոք եղիր։

Պինդ համբուրում եմ։
Քո Վահան

Ողջույն Ալ. Նազարովնային և բոլորին։ Գրի՜ր։

Հասցես՝ Лубянская площадь, дом «России», кв. 3,

Ինձ, կամ նույն տունը, բն. 8,

Կարենին՝ ինձ համար,

կամ Լազարյան ճեմարան, Կուսիկովին՝

Ինձ։


199. Ս. ՏԵՐՅԱՆԻՆ

<1918, սեպտեմբերի II կես, Մոսկվա>

Թանկագին Սուսաննա[1]

Քեզ շատ անգամ եմ գրել, բայց ըստ երևույթին նամակներս չեն հասնում։ Չգիտեմ, արդյոք այս նամակս կհասնի՞։ Գրում եմ համենայն դեպս։ Եթե հասնի, իմացիր, որ ողջ-առողջ եմ։ Սարսափելի անհանգստանում եմ քեզ համար, բայց քեզ մոտ գալ չեմ կարող։ Եղա Պյատիգորսկում, իսկ քեզ մոտ ընկնել չէր կարելի։ Սոսկալի ափսոսում եմ։ Ես շարունակ հույս էի տածում, թե դու Մոսկվա կկարողանաս ընկնել Ուկրաինայի վրայով։

  1. Նամակը գրված է ռուսերեն: