Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլոց նաև Լերմոնտովի երկերի ժողովածուն։ Այդ առթիվ ընկերությունը դիմել է լրագրության միջոցով հայ հեղինակներին՝ խնդրելով ուղարկել թարգմանություններ այդ հեղինակից։

Պարզ է, որ միայն բոլոր հայ բանաստեղծների հավաքական ուժով և եռանդուն աշխատակցությամբ կարելի է գլուխ բերել այդ գործը։ Արդ, դիմում ենք Ձեզ և խնդրում չզլանալ ուղարկելու մեզ Ձեր թարգմանությունները, եթե այդպիսիք ունեք պատրաստի, ինչպես լսել ենք։ Իսկ եթե չունեք պատրաստի, արդյոք կարո՞ղ ենք հուսալ, որ Դուք կաշխատակցեք մեր այդ ձեռնարկության Խոնարհաբար խնդրում ենք չմերժեք Ձեր աշխատակցությունը և հայտնեք՝ արդյոք ի՞նչ երկեր կթարգմանեիք Լերմոնտովից։ Հուսով ենք անպատասխան չեք թողնի մեր այս նամակը։

Հարգանոք՝

«Պանթեոն»-ի խմբագիրներ

Պ. Մակինցյան
Վահան Տերյան

P. Տ. Անշուշտ աշխատակիցները պետք է վարձատրվեն։

Հասցե՝ Москва, Мал. Козихинский пер., д. № 10, кв. 2. Вагану Терян

Կամ Оружейный пер., д. Ганьшина, кв. 15,

П. Макинцян


27. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1912, 2 հունիսի

Սիրելի Անտենկա

Ձեր բացիկը թռավ-հասավ մեզ։ Ես շատ ուրախ եմ, որ մեզ չեք մոռացել։ Խնդրում եմ, մի բարկացեք, Անտենկա, որ ձեզ այսպիսի ուշացումով եմ գրում և առհասարակ խնդրում եմ երբեք նշանակություն չտաք դրան, գրեցեք առանց հաշվի առնելու այդպիսի փաստերը, գրեցեք, երբ տրամադրություն և ցանկություն կունենաք Վահանի հետ որևէ բան կիսել։ Ճշմարիտ, Անտենկա, մենք պետք է մի քիչ ավելի բարձր լինենք այդ բոլոր հիմար պայմանականություններից, որոնք ոչ ոքի ավելի երջանիկ չեն դարձրել։ Ես դրանք հաշվի եմ առնում միայն այն ժամանակ, երբ