Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կվերցնես նորը Վահան Տեր-Գրիգորյանի անունով (Վահան Տերյան չգրեն)։ Բացի այդ, վերցրու գրքերիս հաշիվը, կպահանջես, որ քեզ ցույց տան մնացած գրքերը, որովհետև սովորաբար այդպես են անում (մեր Կարենոյի ասելով), հակառակ դեպքում կխաբեն։ Փողը անհապաղ կփոխադրես հեռագրով՝ մեծ կարիքի մեջ եմ։ Հասկացա՞ր։ Եթե գրքերը վերցնելու հարմարություն չկա, թող մնան, բայց հաշիվը վերցրու և փոխադրիր։ Եթե 50-ից քիչ է ծախված, առաջարկից 35 % գուցե փող տան — լրացրու 50 ռուբլի և հղիր։ Մնացյալ գրքերի համար անդորրագիր վերցրու և ուղարկիր:

Առայժմ այսքանը։

Ողջ լեր։ Հազար բարև քեզ և Վարյային և Նատիկին՝ իմ և Սուսաննայի կողմից։ Գրի՛ր:

Քո Վահան

Հասցես՝ Долгоруковская улица,

дом 15, квартира 60

39. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1912, 21 նոյեմբերի, Մոսկվա

Սիրելի Ցոլակ

Գրել եմ, որ գրքերիցս 100—150 օրինակ վերցնես։ Մտածեցի տեսա, որ դա անհարմար կլինի։ Մի վերցնիր։ Աշխատիր մի 50 մանեթ ստանալ և իսկույն ուղարկիր։ Եթե այդքան չհամաձայնեն տալ (աշխատիր համոզել, որ տան, առաջարկիր գրքերս 30—35 տոկոս զեղչով), գոնե մի 30 ռուբլի անպատճառ վերցրու և ուղարկիր։ Ուղարկիր հեռագրով, հասկանո՞ւմ ես։

Ողջ լեր։ Վերջին նամակդ Պոլը կարդաց ինձ. դրա մասին հետևյալ անգամ։ Բարևներով քեզ ու Վարյային։

Վահան