Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան անհրաժեշտ եղավ մտնել Անահիտ Լիսինովայի տարրական դասարանը, որպեսզի իմանար, թե «կարելի է նախատել բարյացակամությունից դրդված» — մի՞թե պարզ չէ, որ նա հիմար է ինչպես տասներեք խցան միասին վերցրած (как тринадцать пробок вместе взятых): Ինչ վերաբերվում է քո տեսությանը «բնական գիտությունների» մասին, ճշմարիտ, դա խիստ զվարճալի է և բնորոշ է քեզ։ Իսկապե՞ս կարծում ես, որ բնագիտությունը «Օնիկին կսովորեցնի աշխատել»։ Եվ դու համոզվա՞ծ ես, որ ֆակուլտետը կարող է աշխատել սովորեցնել։ Հապա ինչո՞ւ բազմաթիվ ծույլեր փախչում են բժշկականից։ Հապա ինչո՞ւ քեզ ավելի դուր է գալիս պառկել կամ քաղցր շատախոսել, քան զբաղվել «բնագիտությամբ»։ Իհարկե համապատասխան պայմաննե՜ր չկան։ Բայց, ավա՜ղ, սիրելի Ցոլակ, ես կարծում եմ (ինչ արած, որ այսպիսի սկեպտիկն եմ), որ, դժբախտաբար, այդ «պայմանները» երբեք չեն լինի, և ես ու դու շատ-շատ կկարդանք մյուս Տիմիրյազևի* կամ թերևս նույնիսկ Լունկևիչի* մի երկու դիրքը (գուցե և Բալուղյանի՞)* և տեղն ընկած տեղը Չեխովի հերոսի նման կասենք՝«իսկ դուք կարդացե՞լ եք Բոկլին»*։ Դա ինձ առանձնապես չի ուրախացնում։ Այնինչ եթե փորձես բաց անել, դե, ասենք, քրեական իրավունքի ուզածդ դասագիրքը (քի՞չ զանազան «իրավունքներ» կան ՔՈ սեփական մասնագիտության մեջ, չխոսելով զանազան այլ «իրավունքների» մասին—գրականություն, արվեստ, փիլիսոփայություն etc etc (ավա՜ղ շատ-շատ են այդ etc-ները), կտեսնես, որ տա Աստված մեր առարկաները հաղթահարենք և մի քիչ հոտ քաշենք դրանց ազգակից առարկաներից։ Իսկ կարդալով Տիմիրյազևին (լավագո՜ւյն դեպքում) լավագիտակի ուսյալ տեսքովի (մեր փիլիսոփայության դոկտորներ Իշխանյանների և այլ առանձնապես «գիտականորեն» մտածող սեմինարիստ-մարքսիստ-տգետների պես) տխմարություններ դուրս տալը, հավատացնում եմ քեզ, ձանձրալի և հիմար բան է, չխոսելով այն մասին, որ անվայել է միջակ-կանոնավոր մարդուն։

Ինչպե՞ս լուծվեց քո գործը. այս տարի ես չկարողացա շնորհավորել ոչ ոքի (գրեթե ոչ ոքի) տոները, ուստի առավել մեծ բավականությամբ հանձնարարում եմ քեզ համբուրել Վարենկայի գեղեցիկ ձեռքերը, բայց տես, չխանդես, որովհետև այդ ես ինքս կանեմ նրա հետ հենց առաջին հանդիպմանս։