Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դիպլոմ, բայց այսօր, երբ արդեն մի առարկայից (ռուսաց գրականություն) քննություն տվի, դրանից հետո պարզվեց, որ չեն հետաձգում, և ես հրաժարվեցի այժմ քննություններ տալուց։ Ուզում էի կարճ գրել — երկար դուրս եկավ, քեզ էլ ձանձրացրի այս հիմար բաներով, որ հոգիս ու միտքս մաշել են ամբողջ տարին։ Ինչևիցե։ Այժմ ինձ այնպես թեթև եմ զգում, կարծես արդեն տվել եմ քննություններս։ Որքա՜ն եմ խլել ես «ոգևորության ժամերից» (պոետի խոսքերով ասած) այդ ապուշ առարկաների համար — Сравнительная грамматика индо-европенских языков, Сравнительная грамматика славянских языков, Старо-церковный язык և այլն։

Այժմ որոշել եմ այսպես — երբ կարողանամ, այն ժամանակ էլ կտամ այդ քննություններս և չեմ կամենում այլևս ինքս ինձ բռնաբարել, բավակա՜ն է, առայժմ յոլա կգնամ[1] ավարտական տեղեկանքով, իսկ հետո աշնանը, գուցե և հաջորդ գարնանը, կտամ այդ անիծյա՜լ քննությունները։ Ավարտական տեղեկանքով նույնիսկ այստեղ գիմնազիաներում շատերը տեղ են ստանում։ Մի՞թե մենք մի տարով չենք կարողանա որևէ տեղ տեղավորվել։ Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով, և այլևս չեմ կարող և, որ գլխավորն է, չեմ ուզում ինքս ինձ զսպել զանազան «հնչյունաբանությունների», («քերականությունների» և այլ անմիտ բաների համար։ Պետք է գրել քանի գրվում է, քանի հոգում պոեզիայի կրակ կա, քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից։ Ազատություն եմ ուզում տալ հոգուս և խոյանքներիս, որոնք այնքան երկար ժամանակ («հալածված ու ճնշված») են եղել իմ կողմից։ Դե, գործի անցնենք: Վաղուց է քեզ չեմ գրել։ Ասենք դու էլ վերջին ժամանակներս այնքան էլ երես չես տվել ինձ։ Բայց դու ապրել ես, իսկ ես պաշտոնական գիտության այս գարշահոտ մթնոլորտում (ինչը կարող է ավելի գարշելի և նողկալի լինել) բորբոսնել եմ և քիչ է մնացել, որ շնչահեղձ լինեմ։ Հիմա լո՛ւր։ Նախ այժմեականության ամենահրատապ հարցի մասին՝ թե ինչպես Իվան Իվանովիչը գժտվեց Իվան Նիկիֆորովիչի հետ։ Այդ ինչ խայտառակություն և ստորություն է։ Ամենից առաջ պետք է քեզ ասեմ, որ լավ չես արել այլանդակելով

  1. Այստեղից սկսած գրված է ռուսերեն։