Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողած ժառանգության, սրբազան ժառանգության ինչ-որ մատերիալիստական վերլուծությունը։ Նախ և առաջ այս բոլորը թաղված է պատմության ամենահեռավոր խորության մեջ, և չի կարելի բռնազբոսիկ կերպով որոնել ու գտնել ինչ-որ տնտեսական պատճառներ։

Պրոֆ. Տեր-Մինասյանի ձայնը դողում էր, երկյուղածությամբ և խորագույն հարգանքով արտասանելով հին պատմության անունները։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, չնայած Տեր-Մինասյանի խոսքերի իր վրա արած որոշ ազդեցության, չնայած իր զգացած ջերմացնող և հոգին խաղաղեցնող թախծին՝ բուռն կերպով բողոքեց, որ Արևմտյան Եվրոպայի պատմությունը մասնագետի համար այնքան նվիրական չէ, որքան հայոց հին գրականության պատմությունը։ Նա հիշեց և անկեղծորեն ու տխրությամբ վերապրեց այն մորմոքը, որ կրեց նա Նապոլեոն Բոնապարտի մասին իր կազմած տարիների հաստատ տեսակետը փոխելու կապակցությամբ։

Պրոֆ. Տեր-Մինասյանը չհավատաց նրան։

— Այս բոլորի մեջ կա դիրքը չկորցնելու մտահոգություն, պրոֆեսոր, եկեք բոլորս էլ խոստովանենք,— ասաց Տեր-Մինասյանը և անմիջապես ավելացրեց,— ես ոչ ոքին չեմ մեղադրում, այնուամենայնիվ։

— Իսկ դուք ինչո՞ւ չկորցրիք ձեր դիրքը,— հարցրեց Մելիք-Անդրեասյանը, ինքն էլ իր կարգին դիմելով հեգնանքի։

— Սպասեցեք և կտեսնեք, մի՛ շտապեք։

— Ահա անցել է այսքան տարի։

— Արևմտյան Եվրոպայի պատմությունն ավելի զգայուն կետ է, քան թե հայոց հնագույն գրականության պատմությունը, բայց կհասնեն և դրան, մի՛ շտապեք։

— Ուրեմն, եթե հասնեն դրան, դուք ևս կհավատաք փոփոխման անփոփոխ օրենքին, պրոֆեսոր, արդյոք դուք կմեղադրե՞ք ձեզ այն ժամանակ։

— Չգիտեմ ինչ կանեմ, բայց առայժմ շարունակում եմ երկրպագել հին աստվածներին,— պատասխանեց Տեր-Մինասյանը, խոր հոգոց հանելով և բլուրից դիտելով անհուն դաշտը և դաշտը եզերող արդեն մռայլած լեռնաշղթան ու միևնույն դաշտում ծովացած կապույտ մշուշը, որին սրաթև