Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան, տեսնելով նրան, բացականչեց.

— Վահրամ Տիգրանիչ, միշտ լավ ժամանակին եք գալիս, միշտ մի բան փրկում եք։

Վահրամ Անանյանը սիրալիր ժպտաց և ուղղվեց դեպի պրոֆեսորի գրքերի պահարանը։

Վահրամ Անանյանը պրոֆ. Մելիք-Անդրեասյանի ամենաուշիմ աշակերտներից մեկն էր և մասնավոր ընդունակություն էր հայտնաբերում դեպի պատմությունը։ Պրոֆեսորը վերջերս նրան ընդունում էր իր տանը գրեթե ամեն օր, բաց անում պատմական գրքերի հարուստ գրադարանը նրա առաջ և թույլ տալիս նրան, որ օգտվի այդ գրադարանից լայնորեն։ Անանյանը ժամերով մնում էր պրոֆեսորի տանը, կարդում, գրում, նոթեր վերցնում, թեյում այնտեղ և այլևս համարվում էր այդ տան անդամներից մեկը։ Թե՛ պրոֆեսորը և թե՛ Ելենա Բեգլարովնան այնքան էին վարժվել նրան, որ պատահեր՝ չգար, զգում էին նրա բացակայությունը։

— Վահրամ Տիգրանիչ, երեկ որտե՞ղ էիք,— հարցնում էր Ելենա Բեգլարովնան։

— Ներեցեք, Ելենա Բեգլարովնա, հոգնած էի, ուզեցի պարզապես թրև գալ,— պատասխանում էր Անանյանը։

Անանյանի համար էլ Մելիք-Անդրեասյանի տունը անխուսափելի մի երևույթ էր, այնտեղ չեղած օրը ինչ-որ մի դատարկություն էր զգում։

ԺԲ

Բարձրագույն ուսումնական հիմնարկության վարչությունը որոշեց պրոֆեսորներից մեկին գործուղել արտասահման, վեց ամսով, հատկապես Փարիզ, և վարչության նիստում գրեթե ոչ մի առարկություն չեղավ, երբ հիմնարկության դիրեկտորն առաջարկեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի թեկնածությունը։ Ամբողջ հիմնարկության մեջ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այն անձնավորություններից մեկն էր, որ երկրի խորհրդայնացման գրեթե առաջին իսկ օրերից անվերապահ կերպով կանգնած էր խորհրդային պլատֆորմի վրա, և վարչության ոչ մի անդամը չէր կարող որևէ լուրջ առարկություն հարուցել նրա թեկնածության դեմ։