նա ամեն ինչ, հանգավ ետև թողած մութ երկնակամարի միակ աստղն էլ՝ Ելենա Բեգլարովնան, և նրա հոգին սկսեց հրճվել մի նոր խրախճանքով, որ երևում էր հեռուն, ծովի վերջացած կետում, բուրժուական կուլտուրայի խրախճանքը՝ հորդառատ լույսերով, դեմոկրատիայի ծաղկափթիթ պսակով, տեխնիկայի անհասելի բարձունքներում։ Հրճվեց պրոֆեսորի հոգին՝ հակառակ ծովի հանկարծակի մռայլումին։ Երկնքի կապույտը կապարացավ և գոլորշիացավ, ծովը հուզվեց, սկսեց տարուբերվել մեծ և օրորուն ալիքներով, որոնք հետզհետե բարձրացան, սրվեցին, ինչպես ուղտերի մեջքերը, սպիտակ փրփուրներ բխեցին ծովի կրծքից, ծովուրուրները ճչացին և կտրեցին վեր բարձրացող ալիքները, սպիտակ արծիվը հանկարծ կախեց թևերը փոթորկում, սավառնեց ծովի հեռավոր բացերում, անողոք պայքարի մտնելով փոթորկի հետ, խելահեղ և հրճվագին ճախրելով մռայլ երկնքի և մռայլ ծովի միջև, նավը վառեց իր լույսերը՝ արևային սպիտակությամբ, մեծ լուսարձակը ճեղքեց թանձր մռայլությունը վիթխարի դանակի նման։ Նավի դռները փակվեցին, ներքևի լուսամատներից հետո ամրացվեցին նաև վերևի լուսամուտները, մթության հեռավոր խորշերից մի մռնչյուն բարձրացավ, աճեց ու պայթեց, կարծես՝ հենց նավի վրա։ Ոչ մի աստղ, ոչ մի փարոս, նավը մարտնչում էր կույր տարերքի դեմ՝ հաղթական և լուսաժպիտ։
Բոլորը քաշվեցին նավի ներքնակողմը, փախչելով տարերքի բարկությունից և անակնկալից, ժպտադեմ և փոթորկասեր նավաստիների հետ մնաց նավի տախտակամածի վրա միայն պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, աչքերը մխրճված մռայլ ծովին։ Ինչ-որ թեթևություն կար նրա հոգում, գոյություն էր ունեցել մի ծանրություն, որ ահա անէացել էր՝ ինչպես հղի կինը երկունքից հետո։ Ո՞րն էր այդ ծանրությունը։ Պրոֆեսորն առաջին հերթին չկարողացավ գտնել, բայց հետզհետե ամեն ինչ պարզ եղավ՝ ազատվել էր ահավոր երկվությունից։ Այժմ, դեպի Եվրոպա սուրացող նավի վրա, Մելիք-Անդրեասյանը ոչ մի երկվությամբ չէր տառապում, ոչ մի հնի ու նորի պայքար նրա մեջ, հաղթական հինն ահա նորից բարձրագլուխ և հանդիսավոր, հինն այլևս չի որոնում հոգու թաքուն մի խորշ, որտեղ պահվտի դարանակալ, մտքի և հոգու ոչ մի