շատ նման էր հայկական եկեղեցական երաժշտության։ Գահավորակների վրա ընկնող զույգերից մեկի սրունքը երևում էր գուլպաներից վեր, մի փոքրիկ ձեռքի չափ, սպիտակ էր, ոտների տակ տրորված ջրաշուշանի նման։ Պրոֆեսորն աչքերը հառեց մարմնի այդ բացատին, ականջները տխուր մելոդիային, զգաց իրեն երազային երջանկության մեջ, հիշեց պրոլետարիատի իշխանության երկիրը, հիշեց այն խելահեղ և խոլական ձգտումը դեպի պայքարը թշվառության դեմ, բոլոր երկրների թշվառության դեմ և, թեև նրա հոգին սարսռաց այդ պայքարի գեղեցկությամբ, բայց չուզեց արձագանք տալ, նորից գարեջուր պահանջեց, խմեց և բոլորանվեր հափշտակությամբ ունկնդրեց տխուր մելոդիային՝ ջախջախելու համար այն ուրվականը, որ, մթին թևերով, կանաչ և փայլուն աչքերով, լպրծուն մարմնով, երկար մատներով և երկար եղունգներով, գալիս էր հեռվից, կամ բարձրանում էր իր իսկ խորքից։
Այդ ուրվականը նրա երևակայությունն էր։
«Ահա թողեց ամեն ինչ, թողեց մինչև անգամ իր սիրելի կնոջը, թողեց դիրքը, իր սիրած և փայփայած պատմության ամբիոնը, գնում է Եվրոպա, ով է իմանում, թերևս սպասում է իրեն անշուք մի կյանք, թերևս անշուքից էլ վատը, օրվա հացի կարոտ, բայց ինչո՞ւ է խռովում իրեն այդ մթին երկրի գեղեցկությունը»։
Մելոդիայի տրտում հեծեծանքն այլևս չհասավ իր ականջին, սրունքի բացատը փոքրացավ, դարձավ մի կետ և ապա կորսվեց։
Պրոֆեսորը վեր կացավ, օրորվելով գնաց իր կաբինը և քնեց մի տանջալի երազով։
Առավոտյան ուշ զարթնեց։ Նախաճաշի ժամանակն արդեն անցել էր, արագ հագնվեց և բարձրացավ վեր։
Անհուն մի ծով փռվեց նրա առաջ, կապույտ և անդորր, ողողված նորից նարնջագույն լույսով։ Կուրծքը լցվեց ծովի թարմաշունչ օդով, աչքերը փայլեցին և թռան հեռու։
Ծովն այնքան խաղաղ էր, որ ծովի վրա թռչող մեծ թռչունների թևերի շվաքը ընկնում էր ծովի փիրուզյա կրծքի վրա և թեթևորեն բեկբեկվում։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը նայեց, աչքերով անհագորեն