Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խուզարկեիք նրա գրպանը և տեսնեիք թե ինչեր կան, — ասաց Աննա Ջումշուդովնան:

Մելիք-Անդրեասյանը կարծեց, թե Միրզա-Նուբարյանի գրպանում կլինեին ռուբլիներ:

— Այո, կան, խուզարկելու կարիք չկա,— բղավեց նախկին նավթահորատերը և գրպանից դուրս բերելով բանալիների մի փունջ, սկսեց շնգշնգացնել օդում:

— Կողպում է մինչև անգամ հացը,— ասաց Աննա Ջումշուդովնան և սկսեց հեկեկալ:

— Բավական է, բավական, կեղծավոր լաց մի տա…— սրտնեղեց Միրզա-Նուբարյանը:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը քարացած մնաց նստած տեղում:

— Ոչ միայն բոլշևիկները կողոպտեցին ինձ, կողոպտեցին ինձ նաև իմ զավակները և կինս, իսկական կողոպուտը սա է: Նո՛ւ, հիմա գրեթե առանց ռուբլու նստած եմ, ի՞նչ արժեք ունեմ, մարդ ինչքան ռուբլի ունենա, այնքան արժեք ունի:

— Այդ ճիշտ չէ,— ասաց Մելիք-Անդրեասյանը,— օրինակ՝ մենք, խորհրդային քաղաքացիներս, ռուբլի չենք դիզում, բայց յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, անձնական ընդունակությունների և այլն:

Միրզա-Նուբարյանը ամենացինիկ կերպով սկսեց հռհռալ.

— Խորհրդային քաղաքացի… ես խոսում եմ կարգին մարդկանց մասին:

— Կարծես նրանք մարդ չեն, չէ՞,— հանկարծ, գլուխը վեր բարձրացնելով, բղավեց Աննա Ջումշուդովնան:

Ամուսնուն հակառակ խոսելու համար՝ Աննա Ջումշուդովնան այս անգամ հանդես եկավ խորհրդային քաղաքացիների պաշտպան:

— Դու ձայնդ կտրի, անամո՛թ,- զայրացած բղավեց Ալեքսանդր Իվանիչը:

Սկսեց ածականների մի մրցում ամուսինների միջև:

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանն այդ փողոցային տեսարանի առջև մտածում էր, թե ինչպես նախկինում այդ պատկառելի մարդը և նախկինում այդ ավելի պատկառելի կինը,