Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան կրկին և կրկին կարդաց նամակը՝ ճգնելով գտնել թաքնված մի ջերմագին շեշտ, բայց չկարողանալով՝ իրեն նետեց թախտի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ։

Երբ դեռևս ոչ մի նամակ չէր ստացել, նա ապրում էր սպասումի անձկությամբ, և այդ սպասումի անձկությունը նրան օրորում էր երազային լուռ և խոր մի մելոդիայով, այժմ այդ անձկությունն էլ չկար, չկար ոչինչ, որին սպասեր. պրոֆեսորը եսասերորեն մենակ մեկնեց Եվրոպա, կարող էր մերժել գործուղումը, երբ չհաջողվեց իրեն ևս տանել հետը։ «Եթե ուզենար՝ կհաջողացներ,— մտածեց Ելենա Բեգլարովնան,— հոգու խորքում նա չէր ցանկանում իր ընկերակցությունը, ուզում էր լինել ազատ»։

Որքան մտածեց, այնքան լցվեց թախծով և արցունքով։

«Այլևս ի՞նչ կա, որին ես ձգտեմ»,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և սարսափեց հոգու դատարկությունից։ Այժմ նա խորապես գիտակցեց կյանքի իր սխալները։ Խոշորագույն սխալն այն էր, որ նա մի բան չսովորեց, շուկա գնալը, տնային կարգ ու սարքով զբաղվելը չէր լցնի մարդու ներքին դատարկությունը։ Ելենա Բեգլարովնան, արդարությամբ մտածելով, հիշեց, որ պրոֆեսորն առաջինն էր, որ իրեն քաջալերել էր այդ ուղղությամբ, բայց ինքը կարևորություն չէր ընծայել։

Երբ Վահրամ Անանյանը սովորական, ամենօրյա իր այցելությունն անելու համար ներս մտավ, Ելենա Բեգլարովնան փոքրիկ բաց կապույտ մի թաշկինակով աչքերն էր սրբում։

Անանյանը զարմացավ։

— Ի՞նչ է պատահել, տիկին,— հարցրեց նա։

— Ոչինչ։

Նրա ձայնի մեջ անսահման թախիծ կար, դեմքը գունատ էր, և մազերը՝ մի քիչ անխնամ։

— Ելենա Բեգլարովնա, պրոֆեսորը, գնալուց առաջ, ձեր ներկայությամբ ասաց, որ որևէ մի նեղության ժամանակ ինձ դիմեք, այժմ ես պատրաստ եմ ձեզ մխիթարելու, աջակցելու։

— Վագրամ Տիգրանիչ,— մեղմագին ձայնով ասաց Ելենա Բեգլարովնան,— եկ, այստեղ նստիր։