Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ընկնելով Վահրամի կրծքի վրա՝ սկսեց հեկեկալ, ավելի դառնորեն, քան մենակ եղած ժամանակ։

Վահրամը ցնցվեց ամբողջ մարմնով, նրան պատեց մի այնպիսի զգացում, որին մինչ այդ բոլորովին անծանոթ էր եղել։ Քսան և վեց տարեկան երիտասարդը հանկարծ գրկեց Ելենա Բեգլարովնային, թեթևորեն բարձրացրեց, նստեցրեց իր ծնկների վրա և նրանց շրթունքները փարվեցին իրար։

.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     
.      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .      .     

Վահրամ Անանյանը եկել էր իր առօրյա պատմական ընթերցումն անելու պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրադարանում, և ահա նրա առաջ բացվեց կյանքի գիրքը, որի թերթերը շրջելիս՝ նրան թվաց, որ քայլում է կեռասենու պարտեզից լուսնի շողերի տակ, գիշերային նվագի թևերի վրա օրորուն։ Կյանքի գիրքը բուրում էր այնպես, ինչպես նոր քաղված և թոշնած խոտը, որից անդրադառնում էր թարմություն և զովություն։ Երիտասարդ գիտնականը նայեց գրադարանին, և գրքերը, պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրքերը, թվացին նրան մռայլած և տրտում։

Ի

Ելենա Բեգլարովնան առավոտյան անկողնից վեր կացավ խնդությամբ գինով, իրիկվա դառնաղի արցունքներին փոխարինեցին լուսաբացի ցողերի թարմ կաթիլները, նրա հոգում կաթեց, շիթ առ շիթ, նոր մի գարնան լույսը, տան իրերը երգեցին, մեծ հայելին անդրադարձրեց Ելենա Բեգլարովնային թարմացած, շրթունքները և այտերը ներկված վարդի թեթև կարմիրով, նա լսեց պարտեզի տերևների հծծյունը, լուսամուտի թաղարի մեջ բացված ալպյան մանիշակը շշնջաց ինչ-որ բան, ջրով լիքը բաժակը ժպտաց, իսկ պրոֆ. Մելի-Անդրեասյանի պատմության գրքերը տխուր նայեցին նրան։

Երբ Ելենա Բեգլարովնայի նայվածքը հանդիպեց ամուսնու գրքերին, նա ցնցվեց, թեթև մի սարսուռ փշաքաղեց նրա մարմինը, բայց երբ աչքերը հեռացրեց գրքերից, նա խոր