և ծառերը, բոլորը, բոլորը լողում էին արբեցողությամբ արևի վարար ալիքներում, առուները հոսում էին երգելով։
Ելենա Բեգլարովնան, Վահրամի գնալուց հետո, բաց արավ լուսամուտի վարագույրները, լույսը ողողեց սենյակը, կրկին նայեց իրեն մեծ հայելու մեջ, անչափ դուր եկավ իրեն իր մարմինը։
Հագնվեց Ելենա Բեգլարովնան, վերցրեց սեղանի վրա երեկվանից մնացած պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի նամակը, նորից կարդաց և գոհ մնաց իր դավաճանությունից։
— Կյանքն ամփոփված չէ միայն քո մեջ, քո գրքերում,— շշնջաց նա և ծիծաղեց։
Ակամա դարձավ նա պրոֆ․ Մելիք-Անդրեասյանի գրքերին, նրանք ևս ժպտում էին, այլևս տխուր չէին՝ ինչպես իրիկունը և առավոտյան։
Ելենա Բեգլարովնան մտածեց դուրս գնալ, մինչև անգամ անհրաժեշտ է դուրս գնալ տան կարիքները հոգալու համար, բայց չուզեց բաժանվել տան մթնոլորտից, իր ննջասենյակից, որտեղ տարածվել էր բուրումնավետ մի ալիք։ Իրերից արտացոլված բուրումը խորապես հարբեցնող էր, իրերի ներքին աշխարհն էլ պար էր գալիս Ելենա Բեգլարովնայի ուրախության հետ, հրճվում էին բոլորը, բոլորը։
Մի երեկո պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը Մետրոյի Կառ դը Լ՛Էստ կայարանից դուրս գալուն՝ գնեց մի «Պարի-Սուար»․ առավոտյան գնած «Պտի Պարիզիեն»-ը ևս չէր կարդացել։ Մտածեց նա գնալ պանդոկ և կարդալ թերթերը։ Ականջին խփեց մի ուրիշ թերթի անուն՝ «Լ՛Յումանիտե», կանգնեց, ուզեց մի համար էլ նրանից վերցնել, բայց անցավ, ձեռքը թափ տալով և մտքում ասելով․ «Կոմունիստական մամուլը զահլաս տարել է, բավական է»։
Պանդոկում նա չկարողացավ դիմադրել լուսամուտից նորից դիտելու քաղաքը։ Անվերջ է Փարիզի թովչանքը, կախարդական քաղաք, որտեղ ամեն մի իր ունի իր առանձնահատուկ հրապույրը։ Եթե մի որևէ առարկա ուրիշ քաղաքներում աննշան և անիմաստ է, Փարիզում կարող է ստանալ