Jump to content

Էջ:Vahan Totovents, Collected works, Burnt papers.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխատավոր, բոլորովին տեղյակ չի եղել երկրում տեղի ունեցած պրոցեսներին, մի՞թե ինքը քնած է եղել ուղտի ականջում, մի՞թե նա չի կարողացել տեսնել քթից գոնե մի քիչ հեռու»։

Մի պահ, կարծես, համոզվեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը իր սեփական հիմարությանը և մտքում ասաց. «Երբ մի մարդ այնքան տարված լինի պատմության չոր փաստերով, մգլած դոկումենտներով, ահա այս կլինի հետևանքը»։

Ուրեմն այն մի քանի հոգիները, որոնք երկրում իրեն ասում էին զանազան բաներ, որոնց չէր հավատում, ճշմարիտ էին։ Մի անգամ, հիշեց պրոֆեսորը, լուր տարածվեց Երևանում, որ գիշերը կոմունիստական մի ջոկատ, հարձակվելով Էջմիածնի վրա, գերի էր վերցրել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների, աքսորել Սևան, խստորեն մեկուսացրել նրանց կղզում: Ճշմարիտ է, և այն ժամանակ նա չէր հավատացել, չէ՞ որ մի քանի օր հետո մարդիկ անձամբ տեսել էին հայոց հայրապետին իր վեհարանում՝ հանգիստ և անձեռնմխելի, ուրեմն այդ անձամբ տեսնողները «ստել են ականատեսի նման»։

Բայց պրոֆեսորը քիչ հետո սթափվեց, կարծես մի ծանր երազից։ Նա լսել էր, դեռ մինչև Փարիզ ճանապարհին, որ գաղութահայ թերթերը գրում են մասսայական գաղթի մասին Հայաստանից դեպի Ռուսաստան, թե Հայաստանի մայրաքաղաքը օրեցօր դատարկվում է, մարդիկ փախչում են մինչն անգամ Միության ավելի անբարեբեր շրջանները, ազատվելու համար քաղաքական անասելի հալածանքից, իբր թե Հայաստանից դուրս բոլշևիզմն ավելի մեղմ է, քան Հայաստանում։

Պրոֆեսորը հանկարծ գոչեց. «Սուտ է, ամեն ինչ սուտ է, մեր կառավարությունը մինչև անգամ չի կարող դիմանալ ներգաղթի ուժգին հոսանքին, կառուցելով ամբողջ թաղամասեր, դեռ բնակարանային սուր ճգնաժամը շարունակվում է, այնինչ արտաքին լուրերի համաձայն դատարկվում է մայրաքաղաքը։ Սուտ է, սուտ է, սուտ է։ Մարդիկ անխղճորեն ստում են»։

Առաջին անգամն էր, որ պրոֆ. Մելիք-Անդրեասյանն զգաց խղճահարություն դեպի Խորհուրդների երկիրը, առաջին