երկու բանակները գործնական ճակատամարտի մղվեն, ինձ կգտնես քո դեմ զենքը ձեռիս: Փախչում եմ Եվրոպայից, փախչում եմ ստից, կեղծավորությունից, շահագործման պատերազմից, փախչում եմ իմ տարիների երազած դեմոկրատիայից, փախչում եմ գոռոզությունից, ոսկեզօծ կեղտից։
Իմ առաջին պարտականությունը պիտի լինի ավելի և ավելի քաջալերել Բաբկենին իր հասարակական կյանքում, մղել նրան նոր աշխարհի կառուցման աշխատանքին՝ առավել ոգևորությամբ և առավել անկեղծությամբ:
Այս աշխարհը նրանն է։
Կվերադառնա՞մ արդյոք Եվրոպա: Այո, կվերադառնամ Խորհրդային Եվրոպա։ Արդյոք շո՞ւտ կվերադառնամ: Այո: Ես ապրեցի Եվրոպայի ահեղ մայրամուտը, ես լսեցի մարմարյա սյուների ճարճատյունը։ Բուրժուազիան թողնում է փառահեղ ավերակներ…
Ես վերադառնում եմ, լուսաբացի թմբուկն ինձ կանչում է։
Հոգիս ուրախ է, թեթևացած բոլոր ծանրություններից: Միայն մի կասկած երբեմն ինձ տանջում է՝ արդյոք կլինե՞մ նոր աշխարհի արժանի և պիտանի քաղաքացի։
Առաջին մեր տեսակցությունը տխուր եղավ, երկրորդ տեսակցությունը կարող է լինել եղերական: Թույլ տուր այս մի քանի տողով վերջացնել մեր կապը։
- Միքայել
Երևանը բոլորում էր ոսկյա աշունը, խաղողի հատիկները շողում էին իբրև հողի աստղերը, երբ պրոֆ. Մելիք-Անդրեասյանը վերադարձավ։
Առաջին օրն էր, որ Ելենա Բեգլարովնան վառել էր պատի վառարանը։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը բաց արավ պահարանը, վերցրեց իր օրագիրը և, գցելով վառարանի մեջ, նստեց դիմացն ու սկսեց դիտել իր հին կյանքի ամենանվիրական հիշատակի բոցավառումը։ Ելենա Բեգլարովնան նստած էր կողքին՝ ապշահար