Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու ստվարացավ ստրկության խայտառակ օղր փշրող աշխատավորների կռվող բանակը ու մեծացավ հազար հազարներով…

Մի հեղեղ էր դա. հեղեղ սասնական, որ ամեն կողմից փլած ի մի հավաքվեց, թումբեր տապալեց, իր անցքի վրա՝ ամեն շղթա փշրեց-ոչնլացրեց, քայլեց ու գնաց հսկա քայլերով, բախեց բռնակալության արյունոտ կուրծքը, փոթորկի նման մռնչաց, ձյան հյուսի պես գլորվելոլ խոշորացավ, ոստնեց…

Կաշվե գոգնոցը եղավ այնուհետև երկրում, ծայրից ծայր ծածանվող դրոշը։ Նրա տակը հավաքվեցին բոլոր աշխատավորները, ճնշվող-տանջվողները…

Ու հարձակվեցին այն գերագույն և անդիմադրելի ահավոր ուժով, որ ունենում է ազատության շնչով տոգորված ամեն ժողովուրդ։ Ուժ, որին ոչինչ, ոչ մի բան արգելք չէ այլևս, որին ոչ մի զսպում, ոչ մի պատվար խոչընդոտ չէ այլևս։

Ընկավ Զոհակը. բռնակալության խայտառակ գահը երերաց, իսպառ ոչնչացավ։ Ընկան Բյուրն ու Բուրը, և այնուհետև, ծագող լույսի մեջ, Իրանը նորից կյանք առավ, գլուխ բարձրացրեց, նորից ազատության երգը հնչեցրեց։

Երգ, որ դարեր ու դարեր ապրում է, երգվում, կապրի ու կերգվի։


9

Սակայն զրույցն այստեղ դեռ չի վերջանում։ Ֆրեյդունը,— ասում է լեգենդը,– կաշվե գոգնոցը դրոշակ դարձրած, մի մեծ բանակի գլուխ անցած՝ մաքրեց երկիրը ավազակներից, հարստահարողներից, հալածեց Զոհակին և երկու օձին, քշեց ու տարավ, Դեմավենդ լեռը հանեց։

Այնտեղ նա բռնեց հրեշներին, շղթայի առավ և փակեց նրանց մի խոր քարայրի մեջ։

Զոհակն ու վիշապները,— ասում է զրույցը,— շատ կատաղեցին, լեռը դղրդացրին, կամեցան ելնել, նորից՝ նոր Իրանը մրկել ու վառել, բայց քարայրի բերանում տնկած կաշվե գոգնոցը և այնտեղ ցցված դարբին Ֆրեյդունի տեսքը՝ նրանց այնքա՛ն զսպեց, մինչև որ այլևս նրանց մի օր բռնեցին և եռուն ծծմբային հորի մեջ ձգելով՝ իսպառ անհետացրին…

Կաշվե գոգնոցի շուրջը ակներ շարեցին և նվիրական որպես մի դրոշ, թանգարան դրին, հաջորդ սերունդներին ավանդ կտակեցին…

1906