Եվ ահա հեռուն, հորիզոնի վրա երևան են գալիս մանրիկ, չնչին կոհակները վետ-վետ։ Ջրերը, տարածության հեռավոր ծայրերիցն սկսած, նոր հովերի դրդումից հուզված, կաթիլներին են ներշչում զարթումի ազդանշանը: Երերվում են, ցնցվում, անհամար թմբիկների փոխված՝ իրար ընկերանում, խուճապալից վազքով միմյանց ետևը շարվում, յուրաքանչյուր կաթիլի շարժումն են ժողովում, ամեն մի շարժման շշուկն ու շփումը ի մի ձուլում և առաջ նետվում…
Ու զանազան կողմերից գալիս են ահա արագ հավաքված, ահեղ շառաչյունի որոտ գոյացրած, հսկա մեծության հասած սպառնալից, մթին զանգվածներ, գալիս են անդիմադրելի, հաստատ ընթացքով, փրփրադեզ ու կատաղի…
Զարթնել է հսկան, կնճռել է դեմքը, խոր ակոսներով ճակատն է խորշոմել և զայրագին շարժումներով կռիվը վերսկսել: Մշտական, համառ մի կռիվ, որ անպատվար աճեցումի փափագն է խանդալից, անկաշկանդ ազատության ձգտումը անսպառելի։
Գալի՜ս են… գալի՛ս են ծալքերը միմյանց մղող աճապարումով: Ծովի խրոխտ և մարտակոչ դեմքի կնճիռներն են դրանք։
Վազում են ջրերը՝ իրար զորեղացնող շառաչյուններով. շուրջը համակ՝ պատերազմական աճեցուն որոտ է հնչում. որոտ, որ նետվում է դեպի ժայռերը, թնդացնում է ապառաժները։
Ու դողում է շրջապատում ամեն ինչ. ափերը կարծես կծկվում են, որպես չափազանց չնչին, չափազանց արհամարհելի շրջափակեր։ Ծովային բույսերն էլ ոգևորությամբ, հովին տված իրենց դիմակները, հեռուն կարմիր, մոտիկից կանաչ - հանկարծակի պարզվող դրոշների պես ծփում են եռանդագին, ողջունում հսկայի զարթնումը, վերսկսած պատերազմը։
Ծովը ոտքի է ելել, Մարտնչողի անհողդողդ համառությամբ գնում են նրա շղթայազերծ ջրերը, մռնչում են ահեղագոչ, մեն մի կաթիլն այնտեղ շարժման մեջ է, շերտավոր փրփրումներով երախներ են բացվել ամեն կողմից, և նրանց ետադարձ շարժումը՝ թափը ուժգնացնելու համար բնական քայլն է, խոյացումը մեծացնելու զորեղ շեշտը…
Երբ շարժվում է ծովը, երբ զարթնում է նա և զայրանում - ոչինչ չկա, որ նրա ընթացքին ընդդիմանալ հանդգնի։ Համակ ըմբոստացումն