Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ միջոցին էր, որ թփի տակից դուրս եկան Զեբը և Օձուկը, որոնք ժողովի կեսին հասել և պահվել էին թփի ետևում և այնտեղից լսել էին ամեն բան։

— Տեսա՞ր,— ասաց Զեբը՝ դառնալով Օձուկին,— ես քեզ չասացի՞, որ նրանք, բացի դատարկ խոսելուց, ոչ մի հավաքական վճռի ընդունակ չեն. չասացի՞, որ պիտի կռվեն և առանց վճիռ տալու ցրվեն… Հողեմ ես դրանց գլուխը…

Մանուկը չպատասխանեց։ Խորունկ մի մտածություն համակել էր նրան։ Այդ օրը շատ նոր բաներ էր լսել։ Բառեր, մանավանդ, որոնք հանկարծակիի էին բերել նրա միտքը։

Ի՞նչ բան էր այդ «մարդ» կոչված արարածը, որի եղբայրն էին համարում իրեն։ Ուրեմն ինքը գայլերի հասարակությանը չէ՞ր պատկանում. ուրեմն ուրիշ եղբայրնե՞ր ուներ…

Այսպես աղոտ, շատ աղոտ ու շփոթ կերպով սկսեցին վերարտադրվել նրա մեջ խառնակ պատկերներ։ Սկսում էր հիշել ծառեր, շենքեր, տարօրինակ, ոչ-գայլային դեմքեր… և, այլևս ոչինչ… Օ՜, որքա՜ն վաղուց էին դրանք։

Գրեթե չէր լսում Զեբին։

— Մայրիկ,– ասաց նա հանկարծ,— ի՞նչ բան է այդ մարդ կոչվող արարածը, որին ինձ եղբայր էին համարում և որոնց դեմ էին ուզում զինել ինձ։

Զեբը այլայլվեց։ Պահ մի պատասխանել չկարողացավ, հետո բռնեց նրա թևից և ասաց.

— Գնանք, որդիս, գնանք այստեղից. մի մտածի այդ տխմարների խոսքերի վրա… դու ուրիշ եղբայրներ չունես… Ոչ, այդ ասածդ արարածները քո եղբայրները չեն… Նրանք չար, խորամանկ, իրար անգամ պատառող հրեշներ են… քո մայրը ես եմ…

— Գիտեմ, գիտեմ, բայց…

Եվ Օձուկը հառաչեց։ Ոչինչ չէր հասկանում։ Դառնությունը սեղմում էր կոկորդը, զգում էր, որ սրտից մի լար կտրվեց, և որ ինքը այդ հասարակության անդամը չէր այլևս, որ ինքը մարդ էր…

Բայց ի՞նչ էր ուրեմն «մարդը»…


6

Եվ թողեց մանուկը անտառն ու քարայրը, մի օր հեռացավ գայլերի հասարակությունից ու գնաց փնտրելու իր եղբայրներին, իրեն նման մարդկանց։