— Շատ դժվար է, աղա,— ասաց լրջությամբ։
— Հենց դրա համար շատ քաղցր կլինի,— ծիծաղեց աղան։
— Տեսնենք,— մռմռաց էֆենդին մտազբաղ։
— Բայց տե՛ս,— սպառնաց մատով աղան,— սիրունը պիտի լինի․․․
— Տեսնենք։
— Տեսնելու բան չկա,— նորեն ժպտեց աղան հուզմամբ,– այսօր պետք է գտնես… քեհյային հրամայիր․․․
— Վախենում եմ աղմուկ հանեն, և ձայնը փաշային հասնի։
Մահմուդ աղան ուղղվեց, նստեց, ձեռքը գրեց Հյուսեյն էֆենդիի թևին և ասաց խրոխտ ձայնով.
— Մի անգամ ընդմիշտ գիտեցիր, Հյուսեյն, որ Մահմուդ աղան, եթե ցանկանա, Մուստաֆա փաշան «չէ» չի ասի…
— Գիտեմ, գիտեմ, աղա՛,— շտապեց ասել էֆենդին,— բայց…
— Ի՞նչ բայց է այդ,— դեմքը խոժոռեց աղան,— մերժո՞ւմ ես ինձ, որ այնքան լավություն եմ արել քեզ։
— Շնորհակալ եմ, աղա՛… քավ լիցի, որ մերժեմ. բայց հետո ինձ կնեղացնեն։
— Քո նեղությունդ կվարձատրեմ… կուզե՞ս, որ ամբողջ Խնուսի շահնայությունը, նույնն է թե Խնուսը, լիովին քեզ տամ…
Հյուսեյն էֆենդին ուրախությունից դողաց։
— Աղա՛,— գոչեց դողդոջուն ձայնով,— ինչո՞վ եմ արժանի։
— Կամքս կատարիր,— ասաց մեծանձնությամբ աղան,— և ամբողջ Խնուսը քոնն է…
Այդ միջոցին պոլսեցի էֆենդին, որը սեղանից ելած պարտիզից դուրս էր գնացել, մի բարձրաձայն քրքիջով ներս մտավ պարտեզը՝ քարշ տալով յուր հետ գյուղական ծերունի քահանային, որն աղաչում և արտասվում էր։
— Լռի՛ր, գյավուր փափա՛զ…— որոտաց նրա վրա էֆենդին,— խո քեզ չե՞ն մորթելու… մի գավաթ օղի խմիր և գնա։
Եվ քարշ տալով նրան՝ մոտեցրեց բազմողներին։
— Էֆենդինե՛ր,— ծիծաղեց նա,— ձեզ մի ջենեվեր եմ բերել…
Հրեց քահանային առաջ, հետո հրամայեց Աղաբաբին մի լավ պարերգ ածել և գոչեց.
— Պարի՞ր, փափա՛զ, թե լավ պարես, մի ղուրուշ և մի գավաթ օղի էլ կտամ քեզ…
— Աստծու սիրուն,— աղաչեց քահանան արտասվալից ձայնով,– խնայեք իմ հասակիս, ես պարել չգիտեմ…– և հեկեկաց։