Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է լացը։ Գրի՛ր, որ կատաղեցնես ամենքին. գրիր, որ զայրույթը մռնչա, ծովի ալիքի պես ելնե ու իջնե, լեռնե՛ր դղրդեցնե…

Այդպե՛ս, միայն այդպե՛ս գրիր…

3

Այս ամենը գյուղացին խոսեց ի՛ր լեզվով, իր արտահայտություններով և պատկերացումներով, կցկտուր, դողդոջ բորբոքումով։ Ու խոսելու հետ՝ մռայլվում էր դեմքը, ակոսվում ճակատը։ Պապիրոսներ էր, որ ծխում էր։ Չէ՛ր էլ նայում ինձ։ Ակնարկը երբեմն շինած պապիրոսինն էր, երբեմն հեռուն։

Այդ միջոցին խանութի դուռը աղմուկով բացվեց, և դեպի կառքը ելան «խմբապետը», Բարեղամը (այդպես էր գյուղացու անունը), հետևներից էլ կառապանը։

Վերջացրել էին ուրեմն։ Գնալու էինք։

«Խմբապետը» կամուրջի վրայից էլ մի քանի բառ նետեց խանութի առաջն ելնող խանութպանին, հետո, երբ մոտեցավ, նկատեց մեր նոր ընկերին և կանգ առավ.

— Վա՜յ, — ասաց զարմացած, — այդ դո՞ւ ես… էս ո՞րտեղից։ Այստե՞ղ էիր։

Հետո զգալի կերպով զսպեց իրեն, սառը կերպարանք ստացավ և տեղ բռնեց կողքիս։

— Գևորգն է, — ձայներ Բարեղամը, — ասին, որ ըստեղ ես, բայց չհավատացի․ հմի գե՞ղն ես գնում։

Կառապանը նրան նայեց, ժպտեց, իր տեղը բարձրացավ և բավականացավ միայն ասել։

— Հիսուն կոպեկ կառնեմ։

— Լա՛վ, քշի՛ր։— պատասխանեց նրան Գևորգը, — հետո Բարեղամին էլ մի բան ասաց և տեղ տվավ։

Փոշի հանելով մեկնեցինք։

Մինչև գյուղից դուրս գալը կառքը սաստիկ աղմկեց քարերի վրա։ Խորդուբորդը ցնցում էր անվերջ։ ճանապարհը փչացած էր։ Ոչ ոք չխոսեց։ «Խմբապետը» ծխում էր, փողոցում եղած գյուղացիներին էր նայում և մեկ-մեկ ողջունում։ Գևորգը այգիներն էր դիտում։ Բարեղամն էր այդ միջոցին ուշադրության արժանի։ Տարորեն շարժումներ էր գործում։ Մեկ «Խմբապետին» էր նայում՝ ժպիտը դեմքին, մե՛կ Գևորգին և կարծես սպասում էր, որ նրանք մի բան պիտի սկսեին։ Արդյոք վե՞ճ, կռի՞վ։