Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևյալ օրվա ճաշի համար. թող հայր սուրբը մտածի և վաղը հասցնի իշխան ձուկ էլ…»։

Վարդապետը մտածեց մի վայրկյան, հետո կտրուկ շարժումով կանչեց գյուղապետին, և 10 վայրկյան չէր անցել, որ 10 կտրիճներ լցվեցին նավակների մեջ և եռանդուն աղաղակներով սահեցին դեպի կղզին՝ աշխատությանց օգնելու համար։ Բերկրությամբ դիտեց նրանց մեկնիքը, մի քանի րոպե նայեց նավակների ետևից և գլուխը տխրությամբ շարժելով՝ մտավ եկեղեցին, որ մի վերջին ակնարկով զննե արդեն մաքրած ու պատրաստած սեղանը և սպասները։ Այսպես էր, որ այդ 1770 թվականներին, Սևանում պատրաստություն սկսեցին տեսնել ընդունելու համար Սիմեոն կաթողիկոսին։

Վանահայր Հովհաննես վարդապետն էլ իր կարգին շարունակում էր հրամանները իր շուրջիններին. «էլ աղոթք բան չեմ իմանում. թող մինչև Վեհափառի գալը ամեն աղոթք դադարի։ Դուրս տվեք ինչ որ կա։ Խուցերից դուրս քշիր ամենքին. լվացեք, սրբեցեք, կեղտ չմնա ոչ մի խաչի, ոչ մի գրքակալի ու սփռոցի վրա։ Իմ ունեցած—չունեցածը Սահակ վարդապետի խուցը տարեք հենց այժմյանից. իմ խուցը՝ Վեհափառին։ Բաղ և ճաշարան, արտաքնոց ու շտեմարան ո՛չ մի կեղտ, ո՛չ մի անկարգություն, հասկացա՞ք։ Վեհափառը ամեն տեղ մտնելու է, ես գիտեմ նրան։ Կղզիի վրա ամեն կողմ միայն ավերակ էր տեսնվում, աղբակույտեր, տակնուվրայություն և անփութություն. և այն տարիներից ի վեր. ինչո՞ւ մաքրել և ո՞վ մաքրեր. նոր վանահայրերը սկզբում մի քիչ խիստ էին լինում, հետո իրենք էլ ենթարկվում էին ընդհանուր դանդաղկոտության։ Այժմ բացվել էին դռներ ու ճռնչում, խուցերից մութ նրբանցքի մեջ սկսել էին երևալ գունատ ու մազոտ դեմքեր, որոնք վախեցած ոչխարների պես երբեմն կիտվում էին մի տեղ, ակնապիշ մնում, հետո իսկույն ցրիվ էին գալիս։ Վանահայրը մի խոշոր գավաթ գինի էր պարպել և դուրս սլացել. այլևս նրա ձայնն էր, որ մինչև արևի մտնելը լսվում էր զանազան կողմերից. մեկ՝ նրբանցքի խորքին, մեկ՝ տաճարի կամարների տակ, հաճախ հայրենական հայհոյանքներով համեմած անունների հեղեղ ժայթքերով:

Մութ էր, երբ հասան գյուղի երիտասարդները։ Հայր֊սուրբը ավելի աշխուժացավ, իրենց խուցերը քշեց միաբաններին և գործը հանձնեց գյուղացոց։ Ու փոշի, աղմուկ, ծիծաղ, վազք, իրարանցում, կարպետ թափ տալու ճայթյուն։ Ծովի փոթորիկն էլ մեկ կողմից շառաչում էր և կատաղի ալիքները պայթեցնում ժայռերի կողերին։ Մութը ծանրորեն իջնում էր կղզիի վրա, ջրերը լերդ—կանաչ գույն էին ստանում և թաղվում խավարի մեջ։ Ցուրտ քամի էր բարձրացել Մաշտոց լեռներից։

Գիշերը բավական հառաջացել էր, երբ վանահայրը մի վերջին