Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր տվել և իր սենյակումն էր պահում։ Եթե ավետարաններ էին, ի՞նչ պետք կար հնացածների, քանի որ նորերը տպվել էին։ Հիշում էր, թե մի անգամ նա պատժել էր Կարապետ վարդապետին, որովհետև սա Մոզնիում ինչ գիրք որ գտել էր՝ միջի գունավոր պատկերները պատռել էր և իր խուցի պատերը զարդարել, իսկ մյուս թերթերը օջախ ձգել ու վաոել: «Գիտես դու, անիծյալ,— կանչել էր Հայրապետը,— գիտե՞ս, որ այդ գրքերի ամեն տողը քեզի պես 10 վարդապետի հետ չէին փոխիլ. ինչպե՞ս ձեռքերդ չգոսացան՝ այդ սրբապղծությունը անելու ժամանակ։ Անիծյալ լինիս դու…»։ Եվ թշվառը սոսկալով հոգևոր պետի անեծքից՝ չոքել ու թողություն էր խնդրում։ «Կորսվի՛ր,— ձայնել էր նրան,— գնա վերարկուդ հանիր և տնտեստուն իջիր կովերի մոտ. դուն վարդապետ չես, այլ նախրապան, չոբան…»։ Ահա ուրեմն այդ նույն անձն էր՝ գրամոլ, հին գրքերը երեխայի պես սիրող ծերունին, որ պիտի գար, տաճար մտներ, խորան անցներ, դեզը նկատեր…

- «Գրքեր կա՞ վանքում,— պիտի հարցներ, անշուշտ»։— «Չեմ տեսել, Վեհափառ»։ «Բայց պետք է լինի, շատ պետք է լինի, կարելի՞ բան է, որ այսքան տարվա վանք…»։ «Չի մնացել, Հոգևոր տեր. ինձնից առաջ եղած վանահայրերը… միաբանների տգիտությունը…»։ Այսպես կասեր, բայց այդպես ասելու համար՝ դեզը գոյություն չպետք է ունենար։ Այդ միջոցին էր, որ Խորեն աբեղան կռացավ դեպի նա և մրմնջաց. «Ծովը նետենք, հայր-սուրբ, լավը այդ է…»։ Վանահայրը դարձավ և նրան նայեց։ Երիտասարդ, կոշտ կրոնավորը հասկացել էր իր մտահոգության պատճառը և ահա դարմանն էր առաջադրում։ Այլևս մտածելու ժամանակ չկար։ Դարձավ դեպի գիշերապահը և հրամայեց երթալ և երկու մեծ տոպրակ բերել…

Կեսգիշերը մոտ էր, երբ տաճարից ելնելով, դեպի կղզու արևելյան սուր ծայրն ուղղվեցավ մի տարօրինակ գիշերային թափոր։ Առջևից ծանրաքայլ գնում էր Խորենը, երերուն ջահը ձեռքին։ Լույսի նեղ շրջանի միջից՝ քայլում էին սև տոպրակների տակ կքված գիշերապահն ու Միսաքը, իսկ նրանց ետևից՝ թափորը փակում է վանահայրը, որի կնճռոտ դեմքին կիսաստվերը միայն երևում էր աղոտ շամանդաղի տակ։ Համրաքայլ և լուռ՝ թափորը անցավ ծովափն ի վեր և մտավ ծառաստանի մեջ։ Կատաղի էր դեռ ծովը. ալիքները մեծ շառաչով երբեմն լիզելու էին գալիս մինչև ծառերի արմատները։ Գիշերը խավար էր, ջրերը սև ու ծփուն, և ֆոսֆորային կապտավուն բաշերը խորության մեջ իրար էին մղում հապճեպով։

Ծառաստանից դուրս ելնելով՝ թափորը սկսեց մագլցել մի նեղ շավիղ և բավական բարձրացավ։ Վերը, մի խոշոր ապառաժ կիսովին դեպի ծովն էր կռացել, աբեղան կանգ առավ։ «Թափե՛ք…»,— հրամայեց վանահայրը: