ապակյա աչքեր՝ ոչխարային վախով լի։ Այստեղ էլ ուրեմն ուտում էին միայն, խմում և քնում, թութակների պես էլ կրկնում աղոթքներ, որոնց միտքը գուցե չէին ըմբռնում։ Ոչ իսկ ծովի շշուկի, ջրի ալիքների, հովի շշնջյունի և ծառերի սոսավյունի չափ կարողանում էին պատմել այն աստծու փառքը, որի անունով լցվել էին վանքերի մեջ։ Ուտում էին աշխարհը, բթացնում էին զգացմունքներ, շահագործում էին և՛ հավատք, և՛ մխիթարություն։ Դառնանում էր ծերունին. Էջմիածնից մինչև այդտեղ ոչ մի լավ դեմք չէր նշմարել, այն դեմքերից, որոնք հույս են ծագեցնում սրտերի մեջ և մտածել տալիս նոր-նոր արշալույսի մասին։
Երեկոյան դեմ բարձրացավ դեպի բլուրը և այցելեց Առաքելոցի ավերակ տաճարին։ Ընկերանում էին վանահայրը և մի քանի ախտեցիներ: Ղուկաս ճգնավորի որջի մոտ կանգ իսկ չառավ։ Ճգնավոր… Այդ էր պակաս։ Մի խոտակեր ապուշ, անշուշտ, որ սպասում էր մահվան, աշխարհը իրանից ազատելու համար։ Բարեպաշտ… և ով բարեպաշտ չէր վանքերի մեջ: Ահա օրինակ Մակար վարդապետը Էջմիածնում. հացով ու ջրով բավականանում էր և օրնիբուն աղոթում. սահմանել է, որ օրական հազար ծունր պիտի կրկներ. ուրեմն ամբողջ օրը աղոթք և ծնրադրություն։ Աստծո ամբողջ արքայությունը նրան, նույնպես և այս ճգնավորին։ Իսկ ազգի՞ն ինչ, եթե անոնք երթային բազմելու արքայության մեջ, շահած լինելով այդ երջանկությունը գյուղացիների քրտինքով, նրանց հացովն ու նվերներովը։
Տաճարի մեջ կանգ առավ սյուների տակ և երկար մնաց ավերակների առաջ, խարխուլ, ամայի, քարուքանդ՝ աղվեսների բույն, թռչունների ապաստան, մողեսների և օձերի ասպարեզ։ Քամին սուլում էր կիսաքանդ կամարներից ներս, պտույտ էր գործում մինչև խավար խորշերը և դուրս նետվում բաց դռներից: Մնացել էր հրաշալի քանդակներով դուռը։ Երկար նստեց նրա առաջ և ջանաց կարդալ արձանագրությունները: Հանկարծ դարձավ դեպի վանահայրը. «Ո՞րտեղ են պահված կղզիի ձեռագիրները»,— հարցրեց խստությամբ։ «Ձեռագիր չի մնացել, Վեհափառ»։ «Չի մնացել, իսկ ի՞նչ են եղել. չէ՞ որ կային. այդ ես լավ գիտեմ»։ «Չկան, Վեհափառ, շատ եմ փնտրել. ինձնից առաջ եղած վանահայրերը միաբանների տգիտությունը…»։
Կաթողիկոսը ավելի կնճռեց դեմքը և դարձավ Ցամաքաբերդից եկած մի ծերունիի, որ քիչ հեռու կանգնել՝ լսում էր նրանց: «Ասա, ծերուկ,– հարցրեց նա,— վանքի մեջ ձեռագիրներ չե՞ն եղել»։ «Եղել են, շա՜տ…»։ «Լավ քննել եմ, Վեհափառ»։ Կաթողիկոսը դեմքը շուռ տվավ, պահ մի նայեց հորիզոնին և դարձավ վար իջնելու։ Ժամերգությունից հետո հրամայեց մի կարպետ տանիլ ուռիների տակ, պատվիրեց, որ ամեն ոք իր