— Մեզ ասե թե՝ «Քրիստոս էլ ինձ նման ավազակ էր՝ խաչեցին»…
— Գռռա թե՝ «Հայը գյավուր է, գյավուրն ո՞վ է, որ սիրուն կին ունենա, տավար ու եզ ունենա»…
— Հանգիստ ապրի…
— Գյավուրը ստեղծված է, որ մյուսուլմանին ծառայե…
Այս խոսքերը տեղի էին ունենում սրանից մի քանի տարի առաջ՝ Մուշի Չուխուրա կողմի գյուղերից մեկում գտնվող՝ մի մեծ տան սենյակում, ուր հավաքված նստել էին 30—40 ծերեր և լսում էին երիտասարդների այդ կատաղի խոսքերը։
— Ձո՛,— գոռաց մի ուրիշ երիտասարդ,— օրը ցերեկով գա ձեռքիցս կովս խլե ու ինձ էլ ապտա՞կ խփե… ա՛խ, թե որ հայրս չաղաչեր լռելու, տես ես ինչպես նրա մեծ փրդուչը ականջը կթողնեի…
— Ձո՛, ձո՛, ձո՛,— գոչեց ծանրությամբ ծերունիներից մեկը՝ երիտասարդին դառնալով,— լեզուդ քեզ քաշե, դո՞ւ ով, այդպես մեծ խոսքերն ով. դու էշ նահատակ լինելդ ես մեջտեղ բերում, էլ չես մաածում, որ եթե մի շարժում գործես քեզ պաշտպանելու, առաջ քեզ և ապա ամբողջ ընտանիքդ կտոր-կտոր կանե անօրենը. գիտե՞ս, թե՝ որտեղ ես, ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես որոնում… ո՞ւր է իրավունք, արդարություն. բոլոր Հաջի Թայիբի[1] փեշերի տակ են թաքնվել. քանի-քանի հրաշքով մարդու նմանող մյութեսերիֆներ[2] փորձեցին իրավունքը և օրենքը այղ փեշերից ազատել, բայց Հաջի֊Թայիբը հեռագիր տվավ յուր գիտցած տեղը, մաշայով Մշո երկրից թռցրեց այդ «երեխաներին» և օրենքը այս անգամ բարձ շինելով՝ գլխի տակը դրավ ու այս ու այն բեգի ձեռքը մի-մի սուր տվավ։ Ձենդ կտրի ու մեզ, փորձվածներիս լսիր. հալա, քանի կարող ենք- քար-ճար կանենք, որ մեր կրոնն ու ունեցածը պահենք, երբ չկարողացանք… Էհ, հալբաթ հային էլ աստված կա…
— Լավ է ասում Ատոմը,— դիտեց մի ուրիշ ծերունի,— էրթանք այդ անիծածի մոտ, նորեն աղաչենք, ոտքերն ընկնենք, իր մարգարեն իրեն հիշեցնենք, բալքի մեզ ողորմա։
— Տեր, ողորմյա,– գոչեց մի ուրիշ ծերունի,– դեռ երեկ էր, որ անիծվածի ոտքն էլ լիզելու իջանք, էլի՞ գնանք։
- Իզուր է,– մեջ մտավ չորրորդ ծերունին,- Հասան բեգը զզվել է մեր աղաչանքներից. նա երեկ ինձ ասում էր. «Գյավուրներ, ձեր աղաչանքները զզվեցրին ինձ, ձեր գյուղն էլ ձանձրացրեց ինձ, բերեք 500 ոսկի տվեք, ես ելնեմ երթամ գյուղիցը»…