Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Դե՛հ, Նազանի էբե՛,- դիմեց Օսման չավուշը թրքուհուն,– պատմիր ծայրից. թող էֆենդին իմանա, մեր րեիսի աղջկա խոջան է[1]

- Մեր Քյոլչյուք հանըմի խոջա՞ն է,– գոչեց Նազանի էբեն և դեմքը բաց արեց ու ժպտեց. զազրելի դեմք ուներ այդ տաճիկ կինը, մեծ-մեծ սև աչքերը փայլում էին խիտ ներկով սևացրած հոնքերի տակ. այտերը ներկով սպիտակացրած էր, բերանը լայն և առջևի բոլոր ատամները կոտրած ու սև. վերին շրթունքի վրայից երևում էին նույնիսկ բեղեր, իսկ ծնոտի վրա մի քանի հատ սև, երկայն մազեր, ձեռքերը, որով բռնել էր ետ քաշած սավանի ծայրերը, երկայն պուդրայով սպիտակացրած կմախքի նմանող մատներով ճանկերի էր նմանում… այնուամենայնիվ ուներ երկայն սև մազեր, որոնցից մի հյուսը բաց՝ կիսովին բերել սփռել էր կրծքի վրա:

- Նա է,– ասաց Օսման չավուշը:

- Բարի եկար, էֆենդի,— խոսեց էբեն «թեմենդե» անելով։

- Շնորհակալ եմ,– ասացի,— դու ո՞րտեղից ես ճանաչում րեիսի աղջկան։

— Բա՛հ,— ծիծաղեց ծառաներից մեկը,— քաղաքում կին և աղջի՞կ է մնացել, որ Նազանի էբեն չճանաչի… Որքան ապօրինի ծնունդներ լինում են, Նազանի Էբեն գիտե…

— Այն էլ գիտե,— մեջ մտավ ուրիշը,— թե ո՛ր պալատից, որ կինը յուր ապօրինի զավակը ջուրը ձգեց կամ խեղդեց և կամ ուղարկեց ձգելու Սուլթան Բայազիդի մզկիթի առջև։

— Ուրեմն շա՞տ են լինում այդպիսիները,— հարցրի ես։։

- Ուզածիդ չափ,— ծիծաղեց էբեն,— դեռ երեկ էր, որ մի չերքեզի կնոջ տղան Սուլթան մեճիտի ջամիի մոտ դրի…

— Լա՛վ, լա՛վ,— գոչեց Օսման չավուշը,— սա Սադըք էֆենդիի կնոջ գործը պատմիր մեզ։

— Պատմեմ,— ասաց էբեն հանգստությամբ, տեղավորվելով թախտի վրա և դառնալով ինձ.— էֆենդըմ, սրանից հինգ օր առաջ Պոյուքգերեից ետ դառնալով տունս էի մտնում, երբ մի երեսը ծածկած կնիկ, որ կանգնել էր դռանս մոտ, դեմս փակեց և հարցրեց.— Նազանի էբեն դու՞ ես…— Ես եմ,— ասացի,— ի՞նչ ես ուզում, դու ո՞վ ես…— ձեոքս պարզեցի, որ երեսի «րուբենտը բարձրացնեմ, բայց նա ձեռքը ետ մղեց և ասաց.— Ներս մտնենք, ես կասեմ, թե ով եմ, ծիծաղեցի, ինձ հետ այդպիսի դեպքեր շատ է պատահում, կամ մի որևիցե փաշայի կնիկ կլիներ և կամ մի պալատի աղախին, որ հրավիրում կլիներ ինձ մի

  1. Վարժապետ: