ոտը կոտրած հնամաշ բազկաթոռ, իսկ մյուս անկյունում ցցած էր եղեգնյա գրչի կողերի 5—6 տրցակներ։
Երկրորդ մասը, ուր տարան մեզ և մեր ետևից փակեցին ցանկի վանդակը, սենյակի ամբարն էր, այո, ամբարն էր, որովհետև այստեղ սկսած կոտրտած փայտերից, ավելից, վառարաններից, չայնիկներից մինչև հնամաշ գորգեր, կարպետներ, թղթեր, արձանի կտորներ՝ դարսված և խառնիխուռն ձգված էին ամեն կողմ, այնպես որ մեզ մնում էր կամ կանգնած մնալ կպած ցանկին և կամ նստել այդ կույտերի վրա։
Եվ ես նստեցի մի գորգի վրա ու այնտեղից սկսեցի դիտել դատաստանի երկճյոuղյան այդ սրահը և վեց դատավորներին։
Ցանկի դռան, սեղանի մոտ և սենյակի դռանը կանգնել սպասում էին գծուծ հագուստներով և ոտաբոբիկ զինվորներ։
Ծիծաղելի էր, ճշմարիտ, տեսնել այդ թեք ընկած, դերձակի նման չոքած, հորանջող, քնելու պատրաստ դատավորներին, տոպրակազարդ պատերը, դարևոր կեղտից սևացած առաստաղը, աղբով ծածկված հատակը, անկյուններում դիզված տրցակները ու կոտրտած աթոռները և ի լրումն ամենայնի մեզ՝ ցանկի ետևից նայող հանցավորներիս, մեզ, որ տեղ էինք բռնել փայտերի, գորգերի և զանազան իրեղենների կույտերի ծայրին, ու այնտեղից սպասում էինք, որ մեզ հերթով սեղանի մոտ կանչեն…
Այդ միջոցին հանկարծ դատարանի լուսամատից երևացող Այա-Սոֆիայի մինարեից լսվեցավ մի զիլ ձայն, որ գոռում էր.
— Ալլահ աքպե՜ր…
Կեսօրվա աղանն էր այդ, մահմեդականաց երկրորդ աղոթքի Ժամանակը։
Սրահի դատավորները իսկույն դադարեցին հորանջելուց, նախագահը ծանրությամր վեր կացավ աթոռի վրայից, քայլեց դեպի դուռը և անցավ զինվորի թաց արած դռնից դեպի մի ուրիշ փոքրիկ սենյակ, որի դուռը չկողպեց զինվորը, և մենք տեսանք, թե նախագահը ինչ արեց այնտեղ։
Նա ձեռքը երեսին քսեց ծանրությամբ, հորանջեց, հետո դռան մոտ պպզեց, այնտեղ դրված ջրով լվաց երեսը, երկու մատներով թրջեց սափրած գագաթը, թևերը վեր քշտելով մինչև արմունկը, թաթախեց ջրի մեջ, հետո ոտների գուլպաները հանեց, ջուր քսեց բթամատի և ցուցամատի միջանցքին և այդ բոլորը անելուց հետո՝ նա չոքեց սենյակի մեջտեղում փռված մի կարպետի վրա և սկսեց աղոթել։
Սրահի միջի անդամներն ևս դուրս գնացին, և սրահը դատարկվեց, զինվորը վար քաշեց ցանկի դուռը, կողպեք դրեց վրան, փակեց կադիի