Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Ալիքները գալիս ռումբի պես պայթում էին՝ խփվելով կարծր պատին։ Հեռվում մի քանի փոքրիկ առագաստանավեր բուռն կերպով օրորվում էին և կայմի ծայրով ջուրը համբուրում։ Ալիքներից կազմվող փրփրային գծերը միմյանց հրում, միմյանց վրա ելնում, փոքրերին կլանում, մեծից կլանվում, ի մի էին ձուլվում և գալիս ծեծում էին ամբարտակը:

Այդ մռնչյունի միջոցներում լսվում էին ծիծառների ձայներ և շոգենավի ճնշված շոգու նուրբ սուլումը։

– Ցած չի գնում,– ասաց Մկոն կուլ տալով հացի մի կտոր.— բողազս անապատի պես չոր է։

— Փոշին է արել. իմն էլ այդպես է. կուզե՞ս, ջուր բերեմ։

– Ո՛չ, նստիր, ջուրը շատ տաք է:

Եվ շարունակեցին ուտել։

Որքան շքեղ է ծովը,— խոսեց դարձյալ Մկոն քիչ հետո՝ աչքը ծավի հորիզոնին ուղղած։

– Այո՛… բայց ալեկոծություն կա։

– Այդ ոչինչ. շոգենավը դրանից չի վախենա։

Ակոն քիչ լռեց, հետո խորունկ շեշտով ասաց.

– Ի՜նչ լավ կլիներ, եթե մեզ էլ տաներ շոգենավը։

Մկոն ծիծաղեց։

– Ու՞ր տաներ,— ասաց նա.– Եվրոպա՞, Պոլի՞ս

– Տրապիզոնի մոտից է անցնելու։

– Կանգ չի առնի այնտեղ։

– Կկանգնի, առավոտյան ես ղեկավարին հարցրի. թուրքերեն գիտեր:

– Է, ինչո՞ւ հարցրիր, միտքդ ի՞նչ էր։

– Հենց այնպես,— ժպտաց Ակոն,– ուրախացա։ Որ Տրապիզսն կանգ է առնելու։

Մկոն կտրեց մի շերտ հաց, հետո տխրությամբ և մեղմ ասաց.

– Երեխա ես, Ակո։

– Ի՞նչ անեմ… Չէ՞ որ Տրապիզոնից են երկիր գնում։ Երկրի ձայնը խոսեց իմ մեջ… Ի՜նչ լավ կլիներ, եթե այդ շոգենավը մեզ վերցներ, իր ամբարների մեջ կոխեր, այդ մարգանեցի հետ թեկուզ ներս լցներ, միայն երկիր տաներ մեզ…

– Լավ կլիներ, այո… շատ լավ… բայց պարտքե՞րը… բացի դրանից, երթայինք երկիր, ի՞նչ անեինք…

– է՛հ,— ասաց հուզմամբ Ակոն,– աստված է վկա, որ այստեղ