հարցը տրված ժամանակ. երբ լսեց, ուժգնությամբ դարձավ, թափանցիկ հայացքով զննեց ինձ և ասաց.
- Իմ մի բարեկամից է։
- Բարեկա՞մ,– ասացի ես աշխատելով անվրդով մնալ,- տարօրինակ բարեկամ… բարեկամները այդքան ջանասեր չեն լինում… ինչ-որ սիրո հոտ է գալիս դրանցից։
Ծիծաղում էի այդ ասելու ժամանակ, իր սխալը հասկացող մարդու մի բռնազբոսիկ ծիծաղով: Նա մրսած մատներով խոպոպիկը ետ տվավ, մոտեցավ սեղանի մոտ, կռթնեց նրա վրա, նայեց դեմքիս և յուրաքանչյուր բառը շեշտելով ասաց.
- Իսկ եթե այդպես լինե՞ր. մի՞թե դա հանցանք կլիներ:
- Ինչո՞ւ հանցանք,- ժպտեցի ես բռնազբոսիկ կերպով,- երբեք… բայց ո՞վ է այդ պարոնը, ձեր նշանածն է, չէ՞:
Չպատասխանեց իսկույն, վարանում էր. նամակները ժողովելով պահարանի վրա, հետո աչքը վառարանի վրա հառեց և ասաց կոպիտ ձայնով.
- Ամուսինս է… բայց ձեզ ի՞նչ… այդ ձեր գործը չէ։
Վեր թռա տեղիցս, սկի չէի սպասում մի այդպիսի պատասխանի և չգիտեի հավատալ, թե ոչ: Այդ միջոցին նա մեկենիմեկ դարձավ ու աչքերը սևեռեց վրաս։
- Ուրեմն դուք ամուսնացա՞ծ եք,— թոթովեցի ես:
- Գրեթե,– ասաց խուլ ձայնով,– հետո լամպը մոտ քաշեց, բուռն մի ճիգ գործեց, թոթվեց իրեն, կնճռեց ճակատը և հարեց վճռապես.
- Լսեցեք ինձ… ինձ թվում է, որ դուք ինձ սիրում եք… արդյոք ճիշտ է նկատածս։
Չէի պասում այս անակնկալ հարցին և կարկամեցի. չկարողացա մի բան իսկ արտասանել:
- Ես այդ տեսնում եմ,— շարունակեց նա,- և չեմ ուզում ձեզ տանջել, քանի շուտ է պիտի մեռցնել ձեր մեջ ծնող այդ զգացումը. ես կարող եմ ձեզ հետ բարեկամ, շատ մոտ և լավ բարեկամ լինել, բայց սիրել… ո՛չ, ես ամուսնացած եմ, ես… մի խոսքով ձեզ չեմ կարող և չեմ ուզում սիրել։
Ասաց, բարձրացավ տեղիցը, հեռացավ դեպի մի մութ անկյուն և այնտեղից սկսեք դիտել ինձ կիսովին գլուխը թաքցրած իր ուսի վրա ծածկված շալում:
Այղ հայտնությունը այնպես խիստ ներգործեց վրաս, որ վեր կացա երերալով, կռթնեցի դարանին, ցած էին ընկնում, դուռը բացի և չգիտեմ ինչպես հասա սենյակս և ինձ ձգեցի բազկաթոռիս մեջ։