Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ցանկալի առարկան նման է շիրմի բաց՝ բայց դռան վրա մեծ փականք…»։

Հետո քիչ լռեց և ավելացրեց երազողի պես.

— Ով Մանի, քո մտքերդ էլ քո քսան կանգունաչափ ձեռքովդ գծած գծերի պես ուղիղ են…

Ու լռեց։ Ես, իհարկե, ոչինչ չհասկացա։ Մանի առասպելական նկարչի մասին գիտեի. գիտեի նաև, որ նա կարողանում էր ձեռքով քսան կանգուն երկարության և մի թափով գիծ քաշել այնքան ուղիղ, որքան կլինի քանոնով գծվածը։

Բայց աֆորի՞զմը։

Խնդրեցի բացատրել։ Ամենայն սիրով ընդունեց խնդիրս պարսիկը, և պատմեց ինձ սույն զրույցը։


* * *

— Նկարիչ Մանին,— պատմեց նա,— մեռնելուց առաջ մտքումը դրեց մի լավ բան նկարել և հետո մեռնել։

Այդ մտքով էլ նա սկսեց ման գալ և նկարի նյութ որոնել։ Ուզածն էր մի նոր, ցանկալի, տարօրինակ նյութ։

Մտավ խոր ձորեր, պրպտեց յուրաքանչյուր խուլ անկյուն, մագլցեց լեռներն ի վեր, աչքի տակ տվավ շատ տեսարաններ։ Բայց որովհետև շատ տեսել էր, շատ էլ զննել և ոչինչ չէր խուսափել նրա աչքերից, ուստի և չէր կարողանում գտնել մի առարկա, որ լիներ նոր օրինակ և որ գրգռեր նրա ցանկությունը։

Եվ նա տխրում էր։ Անտառի ոգին, լեռների հյուրիներն ու ծովի ձուկ–կանայք, նույնիսկ անկարող եղան նկարչին մի նյութ տալ, մի նյութ թելադրել։ Իզուր նա ոտքի տակ էր տալիս ամբողջ աշխարհը. ոչինչ նոր բան, ոչինչ ցանկալի, ոչինչ հմայող։

Եվ նա տխրում էր ու հուսահատվում։


* * *

Այդպես սրտաբեկ թափառում էր նա Շիրազի դաշտերի ու լեռների մեջ, երբ հասավ մի գերեզմանատան, մտավ այնտեղ, մի շիրիմ նկատեց և կանգ առավ։

Մեծ շենք էր այն՝ բարձր պատերով։ Բայց ինչ–որ զարմացրեց նկարչին, դա այն ահագին խոշորությամբ կողպեքն էր, որ դրված կար շիրմի փակված դռան վրա։